Կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը

Կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը
Կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը

93 տարեկանում Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը։ Այս մասին գրում է Factor.am-ը՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջին։

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 25-ին մահացել է լեգենդար հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանը: Նրա մահը կորուստ էր մեր բոլորի համար»,-գրված է հաղորդագրության մեջ։ Գոհար Վարդանյանը (օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա») ծնվել է 1926 թվականի հունվարի 25 Լենինականում (այժմ` Գյումրի)։

Գոհար Վարդանյանը լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կինն է։ 1930 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Իրան: 16 տարեկան հասակում Գոհարն անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ միասին կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ:

1943 թվականի նոյեմբերի 30-ին այդ խմբավորմանը հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Դ. Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը: 1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։

Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։ 1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տալիս ստանալու բարձրագույն կրթություն և նույն թվականին նրանք վերադառնում են ԽՍՀՄ։

1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին Գևորգ և Գոհար Վարդանյանները վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։