Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է Հայաստանի՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման վերաբերյալ վերջնական զեկույցը։ Սեպտեմբերի 22-ով թվագրված փաստաթղթի զեկուցողը ԵԽԽՎ ընտրական դիտորդական պատվիրակության ղեկավար, շվեյցարացի պատգամավոր Դամիեն Կոտիեն է։
ԵԽԽՎ զեկույցում արձանագրվում է, որ ընտրությունները ընտրողներին տվել են իրական քաղաքական այլընտրանքների միջև ընտրության հնարավորություն, իսկ քվեարկության գործընթացը հիմնականում լավ է կազմակերպվել։
Միաժամանակ դիտորդներն անդրադարձել են քարոզարշավի անհավասար պայմաններին, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ քրեական վարույթներին, ընտրակաշառքի վերաբերյալ մեղադրանքներին և արտաքին ճնշումներին։ Զեկույցում, անդրադառնալով ընտրակաշառքի վերաբերյալ քննություններին, նշվում է, որ դրանց հիմնական թիրախում եղել են «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայաստան» ուժերի թեկնածուներն ու աջակիցները։ «Դա հանգեցրել է իրավապահ մարմինների ընտրովի գործունեության ընկալման և քարոզարշավային հնարավորությունների վրա դրա ազդեցության վերաբերյալ մտահոգությունների»,- ասվում է դիտորդական առաքելության գնահատականում։ Փաստաթղթում նաև նշվում է, որ քրեական քննություններ են սկսվել «Բարգավաճ Հայաստան»-ի և «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք թեկնածուների նկատմամբ։
Դիտորդները Հայաստանի տարբեր մարզերում տեղեկություններ են ստացել ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ ճնշումների, հարցաքննությունների կամ կալանավորումների մասին։ Դիտորդական առաքելության գնահատմամբ՝ այս զարգացումները որոշ ընդդիմադիր աջակիցների ստիպել են զերծ մնալ քարոզարշավին ակտիվ մասնակցելուց։ Միաժամանակ զեկույցում արձանագրվում է, որ իշխանությունները ակտիվորեն հետաքննել են ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ հրապարակային մեղադրանքներ։ Առանձին ուշադրության է արժանացել «Բարգավաճ Հայաստան»-ի ընտրական արդյունքը։ ԿԸՀ վերջնական տվյալներով կուսակցությունը ստացել է 58 287 ձայն՝ 3,9893 տոկոս, և չի հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը։
Ընտրությունների արդյունքներով ԱԺ են անցել «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 49,7456 տոկոսով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,2710 տոկոսով, և «Հայաստան» դաշինքը՝ 9,9231 տոկոսով։ Ընտրություններից հետո ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել քվեարկության արդյունքները երեք ընտրատեղամասերում, սակայն այդ տեղամասերում վերաքվեարկություն չի նշանակել։ «Ականատես» դիտորդական առաքելությունը նշել էր, որ այլընտրանքային հաշվարկների դեպքում այդ երեք տեղամասերի քվեները հաշվելու պարագայում «Բարգավաճ Հայաստանը» կհաղթահարեր 4 տոկոսի շեմը։
Դիտորդական առաքելությունը ԿԸՀ-ի՝ վերաքվեարկություն չնշանակելու որոշումը համարել էր վիճահարույց։ ԿԸՀ-ն, իր հերթին, հայտարարել էր, որ երեք տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ընդհանուր ընտրությունների արդյունքի վրա ազդեցություն չի ունեցել, և վերաքվեարկության նշանակումը մեխանիկորեն պարտադիր չէ։ ԵԽԽՎ զեկույցում անդրադարձ կա նաև արտաքին միջամտության խնդրին։ Դիտորդների գնահատմամբ՝ քարոզարշավի ընթացքում արձանագրվել է Հայաստանի ընտրողների վրա արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների և անվտանգության սպառնալիքների տեսքով, որոնք միտված էին ընդդիմության օգտին ընտրողների վրա ազդեցություն գործադրելուն։
Դամիեն Կոտիեն դեռ հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում հայտարարել էր, որ Հայաստանում և այլ երկրներում ընտրությունների դիտարկման ժամանակ իրենք հանդիպել են «արտաքին միջամտության, երբեմն՝ զանգվածային, հիբրիդային հարձակումների» և տնտեսական կամ անվտանգության ոլորտի ճնշումների։ Նա նշել էր նաև, որ ընտրությունների դիտարկման ժամանակ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել ոչ միայն քվեարկության օրվան, այլև նախընտրական և հետընտրական ժամանակահատվածներին։



















