Բացի ՌԴ-ից որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի. Փաշինյան

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ապօրինաբար Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուն:

Ներկայացնելով հայկական կողմի պատկերացումները իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ՝ վարչապետն ասաց. «ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն՝ բացի ՌԴ-ից որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի: Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը: Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»:

Փաշինյանը հավելեց՝ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա՝ միջազգային ֆորմատի շրջանակներում: