«Նա ասաց՝ ուրիշ ո՞վ, եթե ոչ ես: Շատ կոնկրետ հարց դրեց՝ ի՞նչ իրավունք ունեմ մեկ ուրիշին մեղադրելու, եթե ես չեմ անում». Եղիշե Պետրոսյան

«Նա ասաց՝ ուրիշ ո՞վ, եթե ոչ ես: Շատ կոնկրետ հարց դրեց՝ ի՞նչ իրավունք ունեմ մեկ ուրիշին մեղադրելու, եթե ես չեմ անում». Եղիշե Պետրոսյան
«Նա ասաց՝ ուրիշ ո՞վ, եթե ոչ ես: Շատ կոնկրետ հարց դրեց՝ ի՞նչ իրավունք ունեմ մեկ ուրիշին մեղադրելու, եթե ես չեմ անում». Եղիշե Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը:

– Պարո ՛ն Պետրոսյան, այսօր Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան տարելիցն է: Դուք նրա մասին երգ էիք գրել, ինչպիսի՞ն էր Արթուր Սարգսյան մարդու տեսակը:

– Իմ երգում ամեն ինչ ասված է, ավելի լավ չեմ կարող նկարագրել: Այդ երգն իմ հուշարձանն է՝ նվիրված Արթուր Սարգսյանին:

– Նրա մահվանից մեկ տարի է անցել, այս ընթացքում ինչ-որ բան փոխվե՞ց Հայաստանում:

– Հայրենալքումը ավելացավ, իսկ դա առաջին ազդանշանն է, որ մեզ մոտ վիճակը դեռ անհանգստացնող է: Ունեցանք երկու նախագահ, նոր կառավարություն, շատ բան է փոխվել, բայց մեր հասարակությունը դեռ շատ հեռու է երջանիկների շարքին դասվելուց:

– Իսկ Արթուր Սարգսյանին հաջողե՞ց մարդկանց մտածելակերպի մեջ ինչ-որ բան փոխել:

– Կարծում եմ՝ դեռ ոչ լիովին: Բայց ժամանակն իրենը կանի: Մերոնք մի քիչ դանդաղաշարժ են, երևի դարեր շարունակ միայն գոյատևելուն ուղղված գործունեությունն իր հետքը թողել է: Այդ պատճառով մարդիկ ասում են՝ Աստված է՛լ բեթարից ազատի, եղունգ ունես՝ գլուխդ քորի և այլ նման հարմարվողական անհեթեթություններով իրենք իրենց արդարացնում են:

Մարդիկ փորձում են միայն իրենց ընտանիքի խնդիրը լուծել, և դա նրանց մաքսիմում ծրագիրն է դառնում: Ցավոք, այսօր այդ իրավիճակն է Հայաստանում: Երևի թե մեր հասարակության ծանրակշիռ հատվածը դեռ քաղաքացի չի դարձել, դեռ ինքն իրեն չի ընկալում որպես կարևոր գործոն: Իսկ մարդկանց քաղաքացի դարձնելու համար աշխատանք չի կատարվում թե՛ այն ատյանների կողմից, որոնց կոչումը հենց դա է, թե՛ ընտանիքներում:

Թվում է, թե ամեն բան արվում է ճիշտ հակառակ արդյունքն ապահովելու համար: Ստրկատիրական ժամանակաշրջանում ստրուկները բացարձակ անտարբեր էին թե՛ տվյալ պետության, թե՛ իշխանության որակի կամ տեսակի նկատմամբ, որովհետև հայտնի էր, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվելու: Ցավոք, մեր ժողովրդի մեծամասնությունն այդ հոգեբանությամբ է առաջնորդվում:

– Բայց Հաց բերողն իր գործունեությամբ ցույց տվեց, որ իր տեսակը պահանջված է: Նա կարողացավ համախմբել հանրությանը, իր ուղերձը տեղ հասցնել, այդպես չէ՞:

-Իհարկե, ես լիովին համաձայն եմ: Դրա համար էլ իշխանությունների կողմից որոշ լրատվամիջոցներով հետևողական աշխատանք կատարվեց նրա արարքն արժեզրկելու ուղղությամբ:

– Ո՞րն էր այդ վեհ գաղափարը՝ անձնազոհությո՞ւնը, մարդկանց ու հայրենիքը սիրե՞լը:

-Նա ասաց՝ ուրիշ ո՞վ, եթե ոչ ես: Շատ կոնկրետ հարց դրեց՝ ինչո՞ւ պետք է ես ուրիշից պահանջեմ, եթե ես չեմ գործում, ի՞նչ իրավունք ունեմ մեկ ուրիշին մեղադրելու, եթե ես չեմ անում: Սա՛ էր նրա գլխավոր պատգամը:

– Բայց ամեն դեպքում նրա ուղերձը հասավ հանրությանը, այդպես չէ՞:

– Գիտեք, ոչինչ չի կորչում, ինչ դուրս է գալիս, մթնոլորտում պահպանվում է: Բայց, ցավոք, ընկալելու ունակ մարդկանց թիվն է քիչ մեզանում, դարձյալ այն նույն պատճառով, ինչի մասին ասացի՝ Հայաստանը չի ունեցել ստրկատիրական համակարգ, բայց «ստրուկներ», ինչքան ուզեք, այսօր ունենք: Իրենք իրենց մտածելակերպի ստրուկներն են:

– Այս փուլում «Հանուն Հայաստան պետության» ճակատը հանրահավաքների շարք է սկսել, բայց հասարակությունը կարծես պասիվ է, ինչո՞ւ: Առաջիկայում պե՞տք է ինչ-որ փոփոխություններ սպասել:

– Ես չգիտեմ մի այնպիսի ազգ, որն ընդամենը գլուխ քորելով կամ երկնային հրաշքի սպասելով հասած լինի իր ազգային նպատակներին: Ամեն մեկն իր տեղում պետք է շահագրգիռ լինի մեր պետության կայացման համար: Ես լավատես եմ: Եթե հույսով չապրենք, քանի՞ կոպեկ արժի այդ աննպատակ կյանքը: Հայ ազգի գոյության և հարատևման ամենավստահելի երաշխիքը հզոր, ինքնիշխան պետություն կերտելն է:

– Հանուն դրա՞ էլ իրեն զոհաբերեց Արթուր Սարգսյանը:

– Նա դրսևորեց անսասան կամք, գթասրտություն, խիզախություն: Այո՛, նա ցույց տվեց, որ հենց ինքն է հայի այն տեսակը, որով արժի հպարտանալ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am

http://www.youtube.com/watch?v=pObqmDGUKe8