Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ՝ պահանջելով հերքել իր հասցեին զրպարտություն համարած հայտարարությունները և վճարել 6 մլն դրամ փոխհատուցում։ Այս մասին տեղեկացնում է «Հետքը»։

«Մասնավորապես, Փաշինյանը պահանջում է հերքել Ղազարյանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 27-ի հարցազրույցում հնչեցրած այն տեղեկությունը, թե 2020թ.-ի հոկտեմբերի 6-ից հետո Ադրբեջանի առաջխաղացումը և պաշտպանական բնագծի ճեղքումը սկսվել են այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ստեփանակերտ, այնտեղ խորհրդակցություն անցկացրել հրամանատարաշտաբային կետում, վերադարձել և սկսել է թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ»,-գրում է աղբյուրը:

Փաշինյանը պահանջում է, որ Ղազարյանը հայտարարի՝ այդ տեղեկություններն ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են իրեն։ Հայցում նաև պահանջվում է, որ հերքման տեքստը հրապարակվի առանց Ղազարյանի կամ որևէ երրորդ անձի լրացուցիչ մեկնաբանությունների։ Հայցը դատարան է ներկայացվել հոկտեմբերի 1-ին։

Այսօր «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում Էդգար Ղազարյանը, անդրադառնալով հայցին, ասել է. «Նիկոլ Փաշինյանը իմ դեմ հարձակում է սկսել բոլոր հնարավոր իրավական գործիքներով եւ որոշել է իմ դեմ իրականացնել անզիջում եւ հետեւողական պայքար»։