Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին՝ չնայած ԱՄՆ նախագահի հայտարարած էներգետիկ հրադադարին։
Այս մասին Զելենսկին գրել է Telegram-ի իր ալիքում՝ անդրադառնալով ԱՄՆ-ում կայացած հանդիպումների արդյունքների և ամերիկյան վարչակազմի հետ շարունակվող բանակցությունների վերաբերյալ ուկրաինական պատվիրակության զեկույցին։
«Ուկրաինան պատրաստ է իրական որոշումների և լարվածության թուլացմանն ուղղված քայլերի՝ պատերազմի ավարտը մոտեցնելու համար։ Մենք աջակցել ենք էներգետիկ հրադադարին։ Մեր դիրքորոշումը հստակ է․ Ուկրաինան պատրաստ է պահպանել ԱՄՆ նախագահի հայտարարած էներգետիկ հրադադարը, և Ռուսաստանը նույնպես պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի»,- նշել է նա։
Զելենսկու խոսքով՝ Մոսկվան առայժմ չի կատարում ԱՄՆ նախագահի հայտարարած պայմանները։ Նա հայտնել է, որ ռուսական ուժերը նախորդ օրը հարվածել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին, իսկ հարձակումները շարունակվել են նաև այսօր։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ երկրի տարբեր շրջաններում օդային տագնապի ազդանշաններ են հնչում, իսկ ռուսական ուժերը կիրառում են «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարքեր և ավիառումբեր։
«Եթե այս հարվածներն են Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ նախագահի հայտարարությանը, ապա դա նշանակում է, որ ռուսները բաց են թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը»,- ընդգծել է Զելենսկին։
Նա նաև հայտնել է, որ ամերիկյան կողմի հետ երկխոսությունը շարունակվում է բոլոր մակարդակներում, և արդեն նախանշվել են հետագա դիվանագիտական քայլերը։



















