Սպասեք «հայկական տերևաթափ» օպերացիային. Փաշինյանը փորձում է խիստ դեր ստանձնել, իբր ինքն արդեն հետևողական է լինելու. Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, օրերս՝ գործադիրի նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը մեղադրեց իրավապահ համակարգին ըստ էության ոչինչ չանելու համար ու ասաց, որ իր համբերության բաժակը լցվել է։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վեց տարի անց նման հայտարարություն անում։

– Որովհետև Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ կամ հերթական ընտրությունների, ու սա նախընտրական շուի մի մասն է՝ և՛ սափրվելը, և՛ տոնայնությունը փոխելը։ Նա փորձում է իր իմիջը փոխել, շատ խիստ դեր ստանձնել, իբր ինքն արդեն հետևողական է լինելու, բայց վեց տարվա կառավարումը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանն ամենաթույլ կառավարիչներից մեկն է եղել Հայաստանում։ Կա՛մ իր իմացությամբ է եղել ամենը, ինչ եղել է, իսկ ես այդ համոզմունքն ունեմ, կա՛մ ինքը եղել է ամենաթույլ ղեկավարը, երկու տարբերակն էլ իր համար ձեռնտու չէ։ 

Ենթադրում եմ, որ գիտակցելով, որ կան բլոգերներ, որոնք հավակնում են տարբեր պաշտոնների ու շատ խիստ ու կոշտ ելույթներ են ունենում, իմիջը փոխվելու է, ու անընդհատ ինքն ինչ-որ մարդկանց վրա բարձր տոնով խոսելով ձևացնելու է, թե ինքը շատ մտահոգված է, ու ինչպես ասում է ռուսական ասացվածքը՝ Царь – хороший, бояре – плохие, այսինքն՝ ինքը տեղյակ չի եղել, այդ ամենն իրենից դուրս է տեղի ունեցել, ինչը, բնականաբար, իրականությանը չի համապատասխանում։

– Այսինքն՝ այն համոզմունքն ունեք, որ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե ոչ մի բանի չի խառնվել, բնավ էլ այդպես չէ՞։

– Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով, իր տեսանելի խոսույթով է խառնվել, երբ ամեն անգամ տարբեր հանցագործությունների, դեպքերի, իրադարձությունների մասին կարծիք է հայտնել՝ լայվ մտնելով կամ տարբեր հարթակներ օգտագործելով, ինքն ուղիղ իմաստով միջամտել է արդարադատության գործունեությանը։ 

Երբ Կառավարության նիստի ժամանակ խոսում է Ազատ գյուղի զինվորական կացարանում այրված 15 զինվորի մահվան մասին ու իր համոզմունքն է հայտնում, թե դեպքն ինչպես է եղել, դա ի՞նչ է, եթե ոչ արդարադատությանը միջամտելու, խոչընդոտելու գործողություն, ու դա քրեորեն պատժելի գործողություն է, ի դեպ: Երբ խոսում էր Մանվել Գրիգորյանի մասին, դեռ գործը չավարտված, դեռ նոր քննության ընթացքը սկսած, դա միջամտություն է արդարադատությանը։ Մենք կարող ենք սիրել կամ չսիրել, ընդունել կամ չընդունել տարբեր մարդկանց, որոնց մասին ինքը խոսել է, բայց դա բացարձակ չի փոխում իր արածի բուն էությունը։ Հունիսի 12-ին ոստիկանության գործողություններն արդարացնելը ևս միջամտություն է:

Այսպես կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչպես է ինքը գնահատականներ տվել, որից հետո ակնկալել, որ արդարադատություն կիրականանա, ուղղակի անլուրջ է։ Չի լինի այդպիսի քննիչ, որը երկրի ղեկավարի հայտարարությունից հետո, հաստատումից հետո, թե ինչ է տեղի ունեցել, այլևս խիզախություն կունենա ճիշտ իրավական գնահատական տալ գործընթացներին։ 

– Ասացիք՝ իմիջի փոփոխություն է անում, ինչու այլևս հեղափոխական իմիջով ընկալում չունի՞ հասարակության մեջ։

– Իր հեղափոխական իմիջով այնքան է վարկաբեկվել ու այնպիսի գործողություններ է կատարել, որոնք հասարակության ճնշող մեծամասնության մոտ այլևս ընդունելի չեն, որ ստիպված է լինում գնալ կտրուկ քայլերի, մինչև անգամ իր սիրած հեղափոխական իմիջի փոփոխության, հիմա ինքն այլ կերպարով է ներկայանալու։ 

Եթե ժողովուրդն այս խայծն էլ ուտի, ապա սա կլինի մեր պետականության վերջնական կործանումը, ինձ համար ու, կարծում եմ, շատերի համար արդեն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ  այս խմբի գործողությունները Հայաստանի պետականության համար սպառնալիք են։

– Իսկ ըստ ձեզ՝ նոր իմիջով կկարողանա՞ լայն զանգվածներ իր շուրջը հավաքել։

– Այս անգամ, ինչպես Ալեն Սիմոնյանն ԱԺ հարթակից արտահայտվեց, այլ ծրագիր ունի Նիկոլ Փաշինյանը․ այս անգամ նա չի հենվելու նախկինների, ներկաների, սև ու սպիտակի պայքարի վրա։ Այս անգամ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանում նախկինները չեն լինելու, լինելու են այլ ուժեր, ենթադրում եմ, որ արդեն գիտեն, թե ո՛ր ուժերն են լինելու, ու այդ «որ ուժերն էլ» արդեն իրենց ճանապարհը սկսում են հարթել։ 

Այդ ուժերը լինելու են Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման լոյալ ուժերը, իրենց պատկերացմամբ, իսկ իշխանության լինելու են իրենք։ Հետևաբար, իրենք արդեն այդ պլանն ունեն ու նոր ծրագրով են հանդես գալու։ Փորձեր կձեռնարկեն, բայց այլ խնդիր է, թե առողջ, ողջամիտ ուժերն ի վերջո կկարողանա՞ն իրար հետ խումբ կազմել, միասին դիմադրել, բայց իրապես դիմադրել, թե՞ մենք նորից խնդիր կունենանք։

– Չե՞ք բացառում, որ նույն իրավական համակարգում պաշտոնանկությունների գնա Նիկոլ Փաշինյանը, տիկի՛ն Կարապետյանց։

– Անպայման, սպասեք «հայկական տերևաթափ» օպերացիային իրավական համակարգում, անշուշտ լինելու են մեծ թվով մարդիկ, որոնց հեռացնելու են աշխատանքից, մեծ թվով քրեական գործերի հարուցում եմ սպասում, այդ թվում՝ նաև թիմակիցների նկատմամբ, որ ցույց տա, թե անհանդուրժողական է նույնիսկ նրանց նկատմամբ։ Բայց դա արդեն իր թիմակիցների խնդիրն է, ինչպես համաձայնել են այս մարդու հետ մի թիմ կազմել ու կործանարար պրոյեկտների պատասխանատվությունը կիսել, այնպես էլ թող պատրաստվեն։ Ի դեպ, պատահական չէ, որ շատերին այս վեց տարվա կտրվածքով թույլատրվում էր անել գործողություններ, որոնք, մեղմ ասած, օրենքի հետ հակասության մեջ էին, սա օգտագործվելու է որպես կոմպրոմատ այդ մարդկանց դեմ։

– Վստահելի կադրերի բազա ունի՞ Նիկոլ Փաշինյանը, որ նման քայլի գնա։

– Անպայման կգտնվեն մարդիկ, որոնք կհամաձայնեն իրենց անձնական բարեկեցությունն ապահովելու ու բարձր պաշտոններ զբաղեցնելու նպատակով գնալ այդ քայլին։ 

– Իսկ Նիկոլ Փաշինյանը կազատվի՞ այն կադրերից, որոնց նշանակումից հետո իրավապաշտպանները, քաղհասարակության ներկայացուցիչները քննադատությամբ հանդես եկան։

– Երբեք չի ազատվելու այն մարդկանցից, որոնք իրենց անցյալից հետները բերել են մեծ բագաժ, որն իրենց դարձնում է թիրախավորված ու կառավարելի։ Բոլոր այն մարդիկ, որոնք ունեն կեղտոտ անցյալ, որը կարելի է օգտագործել մարդկանց կառավարելի վիճակում պահելու համար, այդ բոլոր կադրերին ինքը պահելու է։ 

Մի բան էլ ասեմ, որ հնարավոր վերընտրվելու դեպքում մենք այլևս ունենալու ենք դիկտատորական երկիր։ Հաստատապես կարող եմ ասել, որ ունենալու ենք դիկտատորական երկիր, բայց ոչ թե կիսադիկտատորական, այլ հենց մաքուր, դասական իմաստով դիկտատորական ռեժիմ ենք ունենալու ու մեկ անձի քմահաճույքով աշխատող համակարգեր, ավելին, քան ունեցել ենք մինչ այժմ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am