«Դիմացեք ևս մի քանի ամիս, մենք ձեզ կազատենք մակրոնականների թունավոր քաղաքականությունից»․ Մարին Լը Պեն

Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների ֆոնին ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Մարին Լը Պենը ֆրանսիացիներին կոչ է արել ևս մի քանի ամիս համբերել՝ խոստանալով ազատել նրանց նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականությունից և ծայրահեղ ձախերի բռնություններից։ Հայտարարությունը հնչել է 2027 թվականի նախագահական ընտրություններից վեց ամիս առաջ։

Ինչպես հոկտեմբերի 17-ին գրել է Լը Պենը X սոցիալական ցանցում, կյանքի թանկացման դեմ համազգային ցույցերի ընթացքում տեղի ունեցած հրկիզումներն ու թալանը խաթարել են քաղաքացիների սոցիալական պահանջների համար պայքարը։

«Թալանել, ջարդել, ավերել, հարձակվել իրավապահների վրա․ անկարգությունների մասնակիցները կրկին խաթարեցին գնողունակության պաշտպանության համար հոկտեմբերի 17-ին անցկացվող ցույցերը»,— հայտարարել է նա։

Լը Պենը կատարվածի պատասխանատվությունը վերագրել է ծայրահեղ ձախ ուժերին և Ժան-Լյուկ Մելանշոնի քաղաքական թիմին՝ պնդելով, որ նրանք արդարացնում են բռնությունը և ձգտում երկիրը ներքաշել քաոսի մեջ։

«Ֆրանսիացիները, որոնք այլևս չեն դիմանում իշխանությունների խնայողության քաղաքականության ու հարկային ծանր բեռի և ապստամբության կողմնակիցների միջև հայտնվելուն, պետք է ևս մի քանի ամիս դիմանան։ Մենք նրանց կազատենք մակրոնականների թունավոր քաղաքականությունից և կպաշտպանենք ծայրահեղ ձախերի բռնությունից»,-գրել է Լը Պենը։

Նրա հայտարարությանը նախորդել են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած զանգվածային բախումները։ Ըստ վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուի ներկայացրած նախնական տվյալների՝ հոկտեմբերի 17-ին բերման է ենթարկվել 1200 մարդ, վիրավորվել են 150 ոստիկաններ և ժանդարմներ։ Լիմոժում հրդեհի հետևանքով մեծապես ավերվել է քաղաքապետարանի պատմական շենքը։

Մարին Լը Պենը հայտնի է իր կոշտ հակամիգրացիոն դիրքորոշմամբ, Եվրամիության քաղաքականության քննադատությամբ և ֆրանսիական ազգայնականության գաղափարների պաշտպանությամբ։ Նա երեք անգամ մասնակցել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին և 2027 թվականին կրկին առաջադրել է իր թեկնածությունը։ Լը Պենը ներկայացնում է ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը։

2025 թվականին նա դատապարտվել էր Եվրոպական խորհրդարանի միջոցների յուրացման գործով, իսկ 2026 թվականի հուլիսին վերաքննիչ դատարանը, պահպանելով մեղադրական վճիռը, մեղմացրել է ընտրություններին մասնակցելու արգելքը։ Դրանից հետո Լը Պենը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Նա շարունակում է վիճարկել դատավճիռը։

Լը Պենի քաղաքական ուժի հնարավոր իշխանության գալը, ըստ Euronews-ի հոկտեմբերի 17-ի վերլուծության, կարող է էապես փոխել Ֆրանսիայի հարաբերությունները Եվրամիության հետ։ Նրա ծրագրով նախատեսվում է խստացնել ներգաղթի վերահսկողությունը, նվազեցնել Ֆրանսիայի ֆինանսական ներդրումները ԵՄ բյուջեում և դադարեցնել Ուկրաինային ֆինանսական աջակցությունը։

Վերլուծության համաձայն՝ այս քաղաքականության իրականացումը կարող է սրել Փարիզի և Բրյուսելի հարաբերությունները, հատկապես Եվրամիության ֆինանսավորման, միգրացիոն քաղաքականության և Ուկրաինային աջակցության հարցերում։ Միաժամանակ Լը Պենը չի նախատեսում Ֆրանսիայի դուրս գալը Եվրամիությունից, այլ ձգտում է վերանայել երկրի հարաբերությունները կառույցի հետ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խստորեն դատապարտել է երկրում տեղի ունեցող զանգվածային անկարգությունները՝ հայտարարելով, որ պետական հաստատությունների, առևտրային օբյեկտների վրա հարձակումներ իրականացրած և թալանին մասնակցած անձինք կպատժվեն։