Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրաժարական է ներկայացրել․ Մակրոնը մերժել է

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնին՝ հոկտեմբերի 17-ին երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից և ցուցարարների ու ոստիկանության միջև բռնի բախումներից հետո։ Սակայն Մակրոնը մերժել է նրա հրաժարականը։

Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ նախագահը որոշումը հիմնավորել է ստեղծված իրավիճակում իրավապահ մարմինների անընդհատ ղեկավարումն ապահովելու անհրաժեշտությամբ։

Միաժամանակ Մակրոնը մատնանշել է անկարգությունները կանխատեսելու և հետախուզական տեղեկատվության հավաքագրման գործընթացում արձանագրված թերությունները՝ Նունյեսից պահանջելով հնարավորինս արագ կիրառել անկարգությունների մասնակիցների դեմ պայքարի նոր մեթոդներ։

Իշխանությունների տվյալներով՝ հոկտեմբերի 17-ի բախումների հետևանքով ձերբակալվել է շուրջ 2400 մարդ, վիրավորվել՝ գրեթե 1000 իրավապահ։ Անկարգությունների ընթացքում թիրախավորվել է մոտ 1500 առևտրային օբյեկտ։

«Այո՛, որոշ քաղաքներում իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը կորցրել էինք»,- France Inter-ի եթերում խոստովանել է Նունյեսը։

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն հոկտեմբերի 19-ին նախատեսել է միջգերատեսչական ճգնաժամային խորհրդակցություն՝ քննարկելու անկարգությունների տնտեսական հետևանքները, ապահովագրության և իրավական գործընթացների հետ կապված հարցերը։