«Հենց ընդդիմությունը թուլանում է, իշխանությունը ուժեղ հարված է հասցնում». նյարդային քայլե՞ր

«Հենց ընդդիմությունը թուլանում է, իշխանությունը ուժեղ հարված է հասցնում». նյարդային քայլե՞ր
«Հենց ընդդիմությունը թուլանում է, իշխանությունը ուժեղ հարված է հասցնում». նյարդային քայլե՞ր

ՀԱԿ-ի 4 ակտիվիստներին 2-6 տարի ժամկետով ազատազրկելու վճիռը քաղաքական վերլուծաբանները վերագրում են իշխանությունների կողմից լարվածության:
Քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը նման խիստ պատիժը բացատրում է, որակելով իշխանությունների պահվածքը, որպես «նյարդային քայլ»:
«Իշխանությունները պարզապես խիստ նյարդայնացած են ՀԱԿ-ից և փորձում են ջարդել, փշրել նրան՝ հեռացնելով ու տարանջատելով նաև ՀԱԿ-ից այն հայտնի ու կարևոր մարդկանց, ովքեր այսօր դարձել են պարզապես անջատ կարծիք արտահայտողներ»,- ասում է Բոզոյանը «Մեդիալաբին»:
Ըստ նրա՝ նախագահական ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վերահսկողության տակ պահել ողջ քաղաքական դաշտը, և ովքեր դուրս են մնում դրանից, սկսում են հարվածել, պատժել, քրեական պատասխանատվության ենթարկել:
«Սա չնախատեսված քայլ էր նաև դատական համակարգի կողմից, քանի որ դատավորը սովորաբար պաշտպանողական մոտեցում է ունենում: ՀԱԿ-ի տղաների այս դատավճռից հետո մի բան հստակ է, որ այս իշխանությունների կողմից քաղաքացիական շարժման հետ հաշվի նստելն ընդամենը պատրանք է»,- հավելում է Բոզոյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի կայացրած վճռի համաձայն` ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա, Արտակ Կարապետյանը` 3 տարի 5 ամիս 19 օրվա, Դավիթ Քիրամիջյանը` 2 տարվա, Սարգիս Գևորգյանը` 1 տարի 11 ամիս 20 օրվա ազատազրկման:

Ի պաշտպանություն ՀԱԿ-ի ակտիվիստների՝ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև անցկացվել էր նաև բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել ՀԱԿ-ի երիտասարդներին` Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին: Նրանք երիտասարդների դատավճիռը սպառնալիք են համարում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ դատարանի որոշումը որակում «խայտառակություն»:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ նախագահական ընտրություններից առաջ ուժային կառույցների կողմից ընդդիմության կողմնակիցների նկատմամբ նման խիստ պատժամիջոցը ճնշելու, վախի մթնոլորտ ստեղծելու միտում ունի:

«Բնական է, հենց ընդդիմությունը թուլանում է, իշխանությունը ուժեղ հարված է հասցնում նրան: Թեև ՀԱԿ-ը, ունենալով կողմնակիցներ, որոնք բազում անգամ կալանավորված են եղել, իրականացրել է հզոր քայլեր»,- ասում է Բադալյանը:

Հիշեցնենք, որ դեռևս 2011-ի օգոստոսի 9-ին ոստիկանությունը ձերբակալել էր ՀԱԿ-ի ակտիվիստներին` մեղադրելով Կարապի լճի մոտակայքում անկարգությունների համար, ինչի հետևանքով նրանք խոչընդոտել էին ոստիկանների աշխատանքը:

Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության՝ 2011-ի օգոստոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ:

«Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,- ասվում է ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունն էլ իր հերթին մեղադրում է ՀԱԿ-ի ակտիվիստներին` ոստիկանների վրա հարձակվելու մեջ:

ՀՀՇ երիտասարդական միության գործադիր խորհրդի անդամ Արման Գալոյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով տեղի և միջազգային երիտասարդական կազմակերպություններին օգնել ազատ արձակելու ՀԱԿ-ի ակտիվիստներին:

Նրա համոզմամբ` քաղբանտարկյալների նկատմամբ կայացրած դատավճիռը քաղաքական պարզ հաշվեհարդար է:

«Ապօրինի դատավճիռն ընդամենը ցույց է տալիս, որ իշխանությունները վախեցած են: Նախագահական ընտրությունների գործընթացը չմեկնարկած` հաշվեհարդար են սկսել երիտասարդների հետ: Սակայն պետք է հիասթափեցնենք իշխանություններին. մենք որևէ մեկից չենք վախենում: Ընդհակառակը՝ նման մեթոդներով ստիպում են ավելի ու ավելի կոշտացնել պայքարը»,- հայտարարել է Գալոյանը:

Քաղբանտարկյալների վերաբերյալ արդեն դիմումներ են ուղարկվել Եվրոպայի լիբերալների և ժողովրդավարական կուսակցությանը, ինչպես նաև Եվրոպայի երիտասարդ լիբերալների կազմակերպությանը, միջազգային լիբերալների երիտասարդական ասոցիացիային:

© Medialab.am