Իտալիայի Միլան քաղաքում շարունակվում են ցուցարարների և ոստիկանության միջև բախումները։ Դիմակավորված անձինք իրավապահների ուղղությամբ շշեր և հրկիզող նյութերով շշեր են նետել, վնասել խանութներ, ավտոբուսի կանգառներ և քաղաքային այլ գույք։
Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
ANSA գործակալության տվյալներով՝ շաբաթ օրվանից Միլանում ձերբակալվել է ավելի քան 200 մարդ։
Անկարգությունները սկսվել են հոկտեմբերի 17-ին՝ կյանքի թանկացման դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին զուգահեռ։ Նմանատիպ բախումներ են տեղի ունեցել նաև Բոլոնիայում և Թուրինում։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին երկուշաբթի անվտանգության հարցերով խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։
«Ցույցեր անցկացնելն իրավունք է, իսկ մեր քաղաքները ոչնչացնելը՝ ոչ»,- գրել է Մելոնին X սոցիալական ցանցում։
Միաժամանակ բողոքի ցույցեր են անցկացվել Պորտուգալիայում, որտեղ արհմիություններն ու բնակարանային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները պահանջում են աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում, հանրային ծառայությունների բարելավում և բնակարանների մատչելիության ապահովում։



















