Գերմանիայից արտաքսված տաջիկ ընդդիմադիր գործիչը հայրենիքում դատապարտվել է 17 տարվա ազատազրկման

Տաջիկստանի դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստ, 54-ամյա Ասադուլո Բոբոևին, որին այս տարվա հունիսին Գերմանիայից արտաքսել էին հայրենիք՝ չնայած քաղաքական հետապնդումների ենթարկվելու վտանգի մասին նախազգուշացումներին։

Ինչպես հաղորդում է Freedom for Eurasia իրավապաշտպան կազմակերպությունը, Բոբոևը մեղավոր է ճանաչվել Տաջիկստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, այդ թվում՝ սահմանադրական կարգը բռնի փոփոխելու հրապարակային կոչերի համար։ Մյուս մեղադրանքների, դատավճռի հրապարակման օրվա և դատարանի վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հրապարակվել։

Բոբոևը Եվրոպայում գործող «Տաջիկստանի բարեփոխումներ և զարգացում» ընդդիմադիր շարժման անդամ է։ Նա սոցիալական ցանցերում քննադատել է նախագահ Էմոմալի Ռահմոնի իշխանությունը։ 2017 թվականին ընտանիքի հետ հեռացել է Տաջիկստանից՝ նախ տեղափոխվելով Լիտվա, ապա Գերմանիա, որտեղ քաղաքական ապաստան է հայցել։

2026 թվականի հունիսի 8-ին Բոբոևը և նրա 19-ամյա որդին՝ Մուհամադը, ձերբակալվել են Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասում՝ միգրացիոն կարգավիճակի հետ կապված խնդիրների պատճառով։

Ձերբակալման վայրից «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Բոբոևը հայտնել է, որ Տաջիկստանի իշխանություններն իր դեմ ծայրահեղականության մեղադրանքով քրեական գործ են հարուցել։

Գերմանական դատարանը նրան մինչև հուլիսի 1-ը ժամանակ էր տվել հայրենիքում քաղաքական հետապնդումների վտանգը հաստատող ապացույցներ ներկայացնելու համար։ Սակայն հունիսի 20-ին՝ այդ ժամկետի ավարտից առաջ, Բոբոևին և որդուն Մյունխենից ինքնաթիռով տեղափոխել են Դուշանբե։

Իրավապաշտպանների հաղորդմամբ՝ արտաքսումը տեղի է ունեցել, չնայած փաստաբանի ներկայացրած տասնյակ էջանոց փաստաթղթերին, որոնք հիմնավորել են Տաջիկստան վերադարձի դեպքում հետապնդումների վտանգը։

Հայրենիք հասնելուն պես Բոբոևը ձերբակալվել է և տեղափոխվել Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան։

Ավելի քան երկու ամիս նրա ընտանիքի անդամներին թույլ չեն տվել տեսակցել նրան, հրաժարվել են ընդունել սննդի և հագուստի փոխանցումները։ Բոբոևը նաև զրկված է եղել անկախ փաստաբանի ծառայություններից։ Իրավապաշտպանները տեղեկություններ են ստացել, որ արտաքսման թռիչքի ընթացքում նա հնարավոր է նաև բռնության է ենթարկվել։

Freedom for Eurasia-ն ընդգծում է, որ սա մեկուսացված դեպք չէ։ 2023 թվականից ի վեր Գերմանիան Տաջիկստան է արտաքսել առնվազն չորս ընդդիմադիր ակտիվիստի, որոնք հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո ձերբակալվել են։

Նրանցից Աբդուլոհի Շամսիդինը դատապարտվել է 7, Բիլոլ Կուրբոնալիևը՝ 10, իսկ Դիլմուրոդ Էրգաշևը՝ 8 տարվա ազատազրկման։ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն այդ գործերով առաջադրված մեղադրանքները համարում է շինծու։

Ավստրիայից արտաքսված մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ Հիզբուլո Շովալիզոդան, Տաջիկստանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Freedom for Eurasia-ի նախագահ Լեյլա Նազգուլ Սեյիթբեկի գնահատմամբ՝ Բոբոևի նկատմամբ կայացված դատավճիռը Գերմանիայի իշխանությունների որոշման անմիջական հետևանքն է։

«Եվրոպական պետությունները չեն կարող թաքնվել կացության թույլտվության հետ կապված խնդիրների հետևում, երբ խոսքը բռնապետությունը քննադատող մարդու մասին է։ Յուրաքանչյուր նման արտաքսում նվեր է Ռահմոնի ռեժիմին և ուղերձ բոլոր տաջիկ վտարանդիներին՝ Եվրոպան ձեզ չի պաշտպանելու»,- հայտարարել է նա։

Իրավապաշտպան կազմակերպությունը Տաջիկստանի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել Բոբոևին, ապահովել անկախ փաստաբանի, ընտանիքի անդամների հետ տեսակցությունների և բժշկական օգնության հասանելիությունը։

Գերմանիայի կառավարությանը կոչ է արվել ընդունել հարկադիր վերադարձն արգելող միջազգային սկզբունքի խախտումը, դիվանագիտական ճանապարհով հասնել Բոբոևի ազատ արձակմանը և ժամանակավորապես դադարեցնել տաջիկ ընդդիմադիրների արտաքսումը։

Կազմակերպությունը նաև դիմել է Եվրամիությանը, ԵԱՀԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին՝ պահանջելով անկախ վերահսկողություն սահմանել Բոբոևի կալանքի պայմանների նկատմամբ։