Գերմանիայում երիտասարդների ցույցերը վերածվել են անկարգությունների․ տասնյակ ձերբակալվածներ, հարյուրավոր տուժածներ

Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդեր Դոբրինդտը հոկտեմբերի 31-ին երկրի մի շարք քաղաքներում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների պատասխանատվությունը դրել է ձախակողմյան խմբավորումների և միգրանտական ծագում ունեցող իրավախախտների վրա՝ խոստանալով խիստ պատժել բռնությունների մասնակիցներին։

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, հոկտեմբերի 31-ին Գերմանիայի տարբեր քաղաքներում տասնյակ հազարավոր երիտասարդներ մասնակցել են «Gen Z regelt» («Z սերունդը որոշում է») շարժման կազմակերպած խաղաղ ցույցերին։ Սակայն երեկոյան Ֆրանկֆուրտում, Համբուրգում և Քյոլնում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների։ Ցուցարարների առանձին խմբեր հրկիզել են բարիկադներ, ջարդել խանութների ցուցափեղկերն ու թալանել առևտրային օբյեկտները։

Ֆրանկֆուրտում անկարգությունների մասնակիցները փորձել են ներխուժել նաև զենքի խանութ։

Ներքին գործերի նախարար Ալեքսանդեր Դոբրինդտը հայտարարել է, որ սկզբում խաղաղ ընթացող ցույցերին միացել են բռնության հակված ձախակողմյան խմբավորումներ և միգրանտական միջավայրից իրավախախտներ։

«Հասարակական կարգի նման խախտումներին պետք է հետևեն խիստ պատիժներ»,- հայտարարել է նախարարը՝ ընդգծելով, որ անկարգությունների և թալանի մասնակիցները կենթարկվեն պատասխանատվության։

Դոբրինդտը նաև բարձր է գնահատել ոստիկանության գործողությունները՝ նշելով, որ իրավապահների միջամտության շնորհիվ հաջողվել է կանխել Փարիզում տեղի ունեցածի նման բռնությունների ալիքը։

Առավել լարված իրավիճակ է ստեղծվել Ֆրանկֆուրտում։ Հեսսեն երկրամասի ներքին գործերի նախարար Ռոման Պոզեկի տվյալներով՝ անկարգությունների ընթացքում վնասվել է 17 խանութ, որոնցից հինգը թալանվել են։ Ձերբակալվել է 54 մարդ՝ 13-ից 29 տարեկան։

Ոստիկանության գնահատմամբ՝ անկարգություններին մասնակցել է բռնության հակված 1000–1500 մարդ։ Վիրավորվել է շուրջ 100 ոստիկան, նրանցից մեկը՝ ծանր։

Հեսսենի իշխանությունները հայտարարել են հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է ուսումնասիրի անկարգությունների հանգամանքները և բացահայտի պատասխանատուներին։

Գերմանիայում տեղի ունեցած ցույցերը երիտասարդական բողոքի ավելի լայն ալիքի մաս են։ Վերջին շաբաթներին նմանատիպ ցույցեր են անցկացվել նաև Ֆրանսիայում, Բելգիայում և Իտալիայում, որոնց մի մասն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով և բռնություններով։