1998-ին ճանապարհ է ընկել, 2026-ին վերադարձել տուն․ բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհը

Բրիտանացի ճանապարհորդ Կառլ Բուշբին 28 տարի անց վերադարձել է հայրենիք՝ ավարտելով շուրջերկրյա ճանապարհորդությունը, որի ընթացքում հաղթահարել է մոտ 50 հազար կիլոմետր՝ անցնելով չորս մայրցամաքով և 30 երկրով։ Այս մասին հայտնում են BBC-ն և NBC News-ը։

Բուշբին ճանապարհորդությունը սկսել էր 1998 թվականի նոյեմբերին՝ 29 տարեկանում, Չիլիի Պունտա Արենաս քաղաքից։ Նրա նպատակն էր աշխարհը շրջել առանց փոխադրամիջոցներից օգտվելու և տուն չվերադառնալ մինչև ճանապարհորդության ավարտը։

Տարիների ընթացքում նա սառույցի վրայով հատել է Բերինգի նեղուցը, իսկ Կասպից ծովն ու Լա Մանշի նեղուցը հաղթահարել լողալով։

Ճանապարհորդությունը բազմիցս ընդհատվել է ֆինանսական դժվարությունների, COVID-19 համավարակի և վիզային խնդիրների պատճառով։ Միայն Ռուսաստանի տարածքով անցնելը տևել է գրեթե տասը տարի։

28 տարի անց Բուշբին վերադարձել է Անգլիայի հյուսիսում գտնվող հայրենի Հալ քաղաք, որտեղ նրան դիմավորել են հարազատներն ու քաղաքի բնակիչները։

Ճանապարհորդն այժմ նախատեսում է զբաղվել նոր նախագծերով, հանրային ելույթներով և իր ուղևորությունների մասին երկրորդ գրքի պատրաստմամբ։ Նրա ճանապարհորդության մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում նաև գերմանացի ռեժիսոր Վեռներ Հերցոգը։