Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Փաշինյան

Հայաստանը ապագայում ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։ Այս մասին «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հնարավոր չէ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության անդամ լինել միաժամանակ։ Մենք հասկանում ենք, որ ապագայում ինչ-որ պահի Հայաստանը կարիք կունենա ընտրություն կատարել, բայց մինչ այդ մենք պետք է այլընտրանքներ ստեղծենք»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ վերջնական որոշումը պետք է կայացնեն Հայաստանի քաղաքացիները՝ ընտրելով ԵԱՏՄ-ում մնալու կամ ԵՄ-ին անդամակցելու տարբերակներից մեկը։

«Մենք ստեղծում ենք այլընտրանք, որպեսզի մեր ժողովուրդն ընտրություն կատարելու հնարավորություն ունենա»,- նշել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ այդ մոտեցումը բխում է ժողովրդավարությունը որպես ռազմավարություն դիտարկելու Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից։