Վթարածին պատճառները շատ-շատ են, բայց մինչև չունենանք վիճակագրություն, հստակ պատճառ ասել հնարավոր չէ. Տիգրան Քեհյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեհյանը

– Պարո՛ն Քեհյան, ինչո՞վ եք բացատրում վերջին շրջանում հաճախակի դարձած ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնք շատ հաճախ ողբերգական ավարտ են ունենում: Ի՞նչն է պատճառը:

– Դժվար կլինի պատասխանել ձեր հարցին, քանի որ վթարների առաջացման պատճառների վերաբերյալ հստակ վերլուծություն չունենք: Վթարների պատճառները շատ տարբեր կարող են լինել՝ սկսած ճանապարհների ոչ պատշաճ կահավորումից, վերջացրած հարբած վարորդով: 

Առհասարակ, վիճակագրություն չի վարվում, թե կոնկրետ վթարի պատճառն ինչն է եղել, տվյալներ չեն հավաքվում, եթե մենք չունենք այդ տվյալները՝ չենք կարող ասել պատահարների թվաքանակի ավելացման պատճառները: 

Եթե նման վիճակագրություն անցկացվեր, գուցե պարզ դառնային մի շարք հանգամանքներ, որ, օրինակ՝ այս կամ այն խաչմերուկում անհրաժեշտ է այսինչ փոփոխությունը, հստակ նորմեր սահմանվեն: 

Տեսեք՝ շինարարական աշխատանքներ են իրականացվում ճանապարհներին, բայց անվտանգության կանոնները ոչ մի շինարար չի պահպանում: Օրինակ՝ Գյումրի-Երևան ճանապարհին մի հատ լուսավորություն չես տեսնում, նախազգուշացնող առարկաներ, որ այստեղ շինարարություն է՝ չկա, որ վարորդը տեսնի դրանք: Սրա հետևանքով կարող է վթար առաջանալ, հիմա մեղավորը վարո՞րդն է, թե՞ շինարարը:

Այսինքն՝ վթարածին պատճառները շատ-շատ են, բայց մինչև չունենանք այդ վերլուծությունը, վիճակագրությունը, հստակ պատճառ ասել հնարավոր չէ: Հնարավոր չէ առանց դրանց պայքարել թերությունների դեմ, որ մենք չունենանք այսքան վթարներ ու զոհեր:

– Իսկ ինչու՞ այդ վիճակագրությունը մինչ օրս չի կատարվում, ու արդյոք միայն դա բավարա՞ր է վիճակը մեղմելու համար:

 – Միայն դրանով չենք կարող վիճակը թեթևացնել: Տասը տարի է՝ ասում եմ՝ լուրջ խնդիրներ ունենք երթևեկության մասնակիցների գրագիտության հարցում, այսինքն՝ համապատասխան օրենքներն իմանան: Կրթելու ինստիտուտ պետք է ներդրվի, որ վաղ հասակից քաղաքացին տիրապետի երթևեկության կանոններին, ինչը մեր մոտ չի արվում:

 – Պարո՛ն Քեհյան, իսկ նոր պարեկային ծառայության աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում: Արդարացվա՞ծ են նրանց ուղղված դժգոհությունները:

– Դե, մարդիկ կան, որ պետք է ամեն ինչից դժգոհեն: Հա՛, այս նոր պարեկային ծառայության մասնակիցներից շատերն անփորձ են, դա փաստ է, օրինակ՝ խաչմերուկների կարգավորման հարցում նրանք շատ հաճախ թերանում են, սխալ ազդանշաններ են տալիս, չգիտեն՝ որ խաչմերուկը բացեն, որը՝ փակեն, սակայն աստիճանաբար դրական փոփոխություն նկատվում է նրանց աշխատանքում: 

Բայց թե այս համակարգի ներդրմամբ որքանո՛վ է երթևեկությունը անվտանգ դարձել՝ չեմ կարող ասել, որովհետև դա մի շարք հանգամանքներից է կախված: Ժամանակին ՃՈ-ն տեսնում ու անցնում էր խախտումները, իսկ պարեկային աշխատողները ճանապարհային խախտումները չեն անտեսում: 

Բայց ինտենսիվ հսկողություն չի արվում, ինչը ժամանակին էլ չէր արվում, առանց ամրագոտու երթևեկող վարորդների թվի մեջ փոփոխություն չկա, ինչի վրա երևի պարեկային ծառայության աշխատակիցները ևս աչք են փակում: 

Ճանապարհային երթևեկության խնդիրները բազմազան են, ու դրանց լուծումը միայն մեկ համակարգի ներդրմամբ հնարավոր չէ, հարկավոր են համապարփակ լուծում ու մոտեցում խնդրին, ինչը չի արվում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am