Մայրը որդու գերեզմանին՝ «Մենք ի՞նչ գործ ունենք էստեղ…». Գևորգը Ռուսաստանից Հայաստան էր վերադարձել ծառայելու

42-ամյա Արևիկ Հակոբյանը հուզմունքով ասում է՝ հիմա պետք է Ռուսաստանում լինեին, որդուն ամուսնացնեին, իրենց սովորական կյանքով ապրեին, բայց փոխարենը որդու գերեզման են այցելել․ «Մենք ի՞նչ գործ ունենք էստեղ»,- հուզվում է որդեկորույս մայրը։

Հակոբյանները շուրջ 20 տարի Ռուսաստանում էին բնակվել, երբ որդին՝ Գևորգ Հակոբյանը, պետք է Հայաստանում զինվորական ծառայության անցներ, վերադարձել էին Հայաստան։ 

Մայրն ասում է՝ որդին առողջական խնդիրներ ուներ՝ ողնաշարի ճողվածք, սակայն դա չի խանգարել, որ մեկներ ծառայության․ «Իրան երեք անգամ հետաձգեցին, 20 տարեկանը լրանում էր, տարան բանակ։ Ասեցի՝ բողոքեմ, ասեց՝ ոչ մի բան չանես, թող ամեն ինչ օրինական լինի, ես գնում եմ ծառայեմ»։ 

Գևորգի ծառայության ժամանակահատվածը համընկել է պատերազմի հետ։

Մայրն ասում է՝ առողջական խնդիրներ ունենալով հանդերձ՝ որդին թեժ պայքար է մղել հակառակորդի դեմ։ 

«Թալիշում 7 ժամ դիրքերը պահելուց հետո տղաներին իջացրել են Մատաղիսի լանջեր, ասել են՝ ձեր հետևից կգանք, բայց չորս օր չեն գնացել։ Ո՛չ սնունդ են ունեցել, ո՛չ զենք։ Հոկտեմբերի 5-ին յոթ հոգով գնացել են սննդի ու զենքի հետևից, վերցրել են, վերադառնալիս ճանապարհին ԱԹՍ-ն հարվածել ա, յոթից երկուսը զոհվել են՝ Գևորգս ու իր մոտ ընկերը»,- ասում է Արևիկն ու հուզվում։

Արևիկն ասում է՝ որդին երեք օրը մեկ զանգում էր տուն, սակայն երրորդ օրն անցնելուց հետո որդուց այդպես էլ զանգ չեն ստացել։

«Հոկտեմբերի 7-ն էր, ասում էի՝ իրա օրն ա, պիտի զանգի, մամաս զանգել էր, հարցնում էր՝ Գևորգը զանգե՞լ ա, ասեցի՝ չէ, ասեց՝ ուժե՛ղ եղի, ուժե՛ղ եղի։ Փաստորեն մայրս արդեն գիտեր, ինքը հեռուստացույցով լսել էր Գևորգիս անունը»,- կսկիծով պատմում է Արևիկը։

Հակոբյաններն այդ օրվանից սկսած փնտրել են որդուն ամենուր՝ սկզբում հիվանդանոցներում, այնուհետև՝ մորգերում։ 

«Հերթ էինք կանգնում բոլոր ծնողների հետ, որ ճանաչեինք՝ մեր էրեխե՞քն են, թե՞ չէ։ Մեծամորում ամուսինս կասկածել էր, որ Գևորգն ա։ Տղայիս ծնոտի տակ սպի կար, բայց սպին էլ էնպես էր ձևափոխվել, որ դժվար էր որոշել։ Ամուսնուս ասեցի՝ տար ինձ էնտեղ, որտեղ դու կասկածել ես, որ Գևորգն ա։ 

Քննիչի հետ կապ հաստատեցինք, որ ճշտեինք՝ ինչ իրեր են էղել իր հետ։ Պարզվեց՝ Գևորգիս հետ էն ժամացույցն էր եղել, որ գնել էի, ուղարկել բանակ, ոսկեգույն ժամացույց էր՝ մեջը խաչ, գրված՝ «Աստված պահապան»։ էդ ձև Գևորգիս գտա։ Հետո ԴՆԹ-ն հաստատվեց»։

Գևորգ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Մայրն ասում է՝ որդին առանձնահատուկ էր բնավորությամբ, կամեցողությամբ, հոգատարությամբ։ Մոր խոսքով՝ և՛ ընտանիքի անդամների հանդեպ էր հոգատար, և՛ ընկերների։

«Միշտ ցանկանում էր բարին անել, Ռուսաստանում ընկերների մեքենաները կբերեր մինչև ուժ ժամը կսարքեր, կվերանորոգեր ու առավոտյան աշխատանքի կգնար։ Ասում էր՝ ո՞նց չօգնեմ, իմ ընկերներն են»։

Մայրն ասում է՝ դեռ դպրոցական տարիներից որդին աշխատել է, իր աշխատած գումարով էլ կարողացել է մեքենա գնել։

«Ամուսինս մեքենայի գործ էր անում, իրան դպրոց դասի էինք ուղարկում, ինքը փախնում էր էնտեղ։ 16 տարեկանում ինքն իրա քրտինքով BMW մեքենա առավ»։

Մայրն ասում է՝ որդին ընկերուհի ուներ, ուզում էր ամուսնանալ, երկու որդի ունենալ․ «Ասում էր՝ մեկին պապայի անունն եմ դնելու, մյուսին՝ պապիկի, բայց, ցավոք․․․»- հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում է մայրը։

Հակոբյանները մինչև օրս էլ չեն հավատում և համակերպվում, որ Գևորգը զոհվել է։

Մայրն ասում է՝ տեսել է որդու մարմինը, անգամ փաթաթվել, բայց միևնույն է՝ սպասում է նրան:

Հակոբյանները բնակարան են վարձել Հայաստանում՝ Աբովյան քաղաքում, Ռուսաստան այլևս չեն կարող գնալ, քանի որ պետք է որդուն մոտ լինեն:

«Գնում ենք գերեզման, եթե երկու օրը մեկ չգնամ, չգիտեմ՝ ինձ հետ ինչ կկատարվի։ Գնում ենք, նստում, խոսում, պատմում։ Դրանով ենք ապրում»,- ասում է Արևիկը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am