Պուտինն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ, քննարկել տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ընդգծելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման հաջող ընթացքը՝ երկրների ղեկավարները համոզմունք են հայտնել համագործակցության հետագա ամրապնդման շուրջ, ինչպես նաև կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զրույցի ընթացքում Ալիևը Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ։

Աղբյուր՝ Factor.am