«Տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով». Չինաստանի դեսպան Ֆան Յոնգ

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 24-ին հանդիպեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:

Մելքումյանը շնորհավորեց դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Նա ներկայացրեց հետպատերազմյա իրավիճակը, կարեւորեց նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրականացումը՝ ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Դեսպան Ֆան Յոնգը կարեւորեց եռակողմ հայտարարության ստորագրումը եւ հույս հայտնեց, որ տարաձայնությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով եւ երկխոսության միջոցով:

Հանձնաժողովի նախագահը խոսեց մի շարք ոլորտներում հայ-չինական համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին: Նշվեց, որ չնայած համավարակային անբարենպաստ իրավիճակին, Չինաստանի հետ առեւտրաշրջանառությունն ավելացել է. 2020 թվականի ընթացքում այն կազմել է շուրջ 1 մլրդ դոլար:

Անդրադառնալով խորհրդարանների միջեւ համագործակցությանը՝ զրուցակիցները համակարծիք էին, որ համավարակի ավարտից հետո անհրաժեշտ է ակտիվացնել շփումները համանուն հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի միջեւ:

Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից։