«Միտքդ՝ Խոր Վիրապ, խոսքդ՝ Գանձասար». Իյա, իրո՞ք

«Միտքդ՝ Խոր Վիրապ, խոսքդ՝ Գանձասար». Իյա, իրո՞ք
«Միտքդ՝ Խոր Վիրապ, խոսքդ՝ Գանձասար». Իյա, իրո՞ք

Սերժ Սարգսյանին նվիրված երգը պարտավոր էր լավը լինել: Որովհետեւ մարդու մասին էր, որը վատ հետք է թողել: Դա ի՞նչ էր, ընտրակաշառք վերցրած ընտրողի «պտիչկա՞»: Դամբանակա՞ն: Շնորհակալությու՞ն, որ նրա օրոք այս երգի հեղինակների համար լավ է եղել: Ի՞նչ էր: Միակ հուսադրողն այն է, որ հեղինակներին չես մեղադրի, որ գրել են, որպեսզի իրենց համար ավելի լավ լինի: Էլ ու՞ր: 

Բայց ասում եմ՝ երգը պարտավոր էր լավը լինել: Իսկ վատ էր, որովհետեւ ի սեր Սերժ Սարգսյանի չէր գրվել այն: Այն գրվել էր ի հեճուկս Հայաստանի: 

Մոտավորապես՝ դուք նրան մերժեք, մենք կփառաբանենք: Իհարկե տղերքն այդ երգը գրելու իրավունքն ունեին: Եթե իսկապես շնորհակալության հունարը երգն է եւ ոչ թե երրորդ նախագահի հողամասի հողը փորելը, թող լինի երգը: 

Բայց նույնիսկ Սերժ Սարգսյանն ունի ապրելու իրավունք: Էդ մարդը 10 տարի նախագահ է աշխատել: Շատ վատ է աշխատել: Բայց պատմությունը նրա համար հաստատ տեղ ունի իր էջերում: Էդ երգն ինչու՞ եք փաթաթում նրա վզին: 

Երաժշտությունը դեռ մի կողմ, մասնագետները կասեն, որ երգը պիտի գրվի էնպես, որ իր համար տեղ բացի մարդու հոգում նույնիսկ իրենց տեղն ունեցող որոշ երգերի բրթբրթելով: Սա չի ունենա: 

Բառերը արդեն ինքնաբավ փոսի անդորրն էլ կխախտեն: Ի՞նչ է նշանակում «հերոսի ճակատագիր, հայերին վերադարձնել հին երկիր»: 

Բանաստեղծականությունը լրիվ մոռանանք: Էսպիսի երաժշտությանն ավելի բանաստեղծականությունը մի նոր փոս կավելացներ «հայոց երկնքում»: 

Բայց գոնե միտքը պետք է մի քիչ խոսի իրականության հետ: Էդ մարդու օրոք խուճապահար փախել են էս երկրից: Հեղինակն ասում է՝ միտքդ Խոր Վիրապ, խոսքդ՝ Գանձասար:

Պարոն Սարգսյանի մտքի մասով չեմ վիճի: Միշտ չէ, որ գիտեինք, թե ինչ է մտածում: Իսկ խոսքի մասին, ինչպես ասում են, կներեք: 

Երբ 2008-ի հունիսի 27-ին մարդուն խնդրեցին մեկնաբանել, թե ինչու մարտի 1-ը հանգեցրեց զոհերի. լրագրողների աչքերի մեջ նայելով ասաց. «Իշխանությունների կողմից ուժ չկիրառելը ավելի մեծ զոհերի կհանգեցներ»: 

2013-ի հունվարի 23-ին սահմանամերձ մովսեսցի ծերունին նրան դժգոհում է կյանքի պայմաններից ասելով, որ երեխաները Ռուսաստանում են, պատասխանում է. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո երեխաները Ռուսաստանում են, չթողնեիր, չգնային»: 

Թարս խիյարի, «իյա, իրոքի» մասին լռենք:

Նախագահի մուննաթը լավատեսությունից պիտի թելադրվի, ոչ թե անհուսությունից: Սերժ Սարգսյանը հույս տվող մարդ չի եղել: Դա իր մեղքը չէր: Նա երբեք ժողովրդի քվեն չի ունեցել: Փոխարենը ի՞նչ արժեն նրա հետեւյալ «գանձասարյան» խոսքերը. 

«Շանսը ո՞րն է, իմ շանսը՝ 100-ից 90 խփեմ, 80, 70, թե 60: Էդ ա, ինչքան ուզես, էնքան խփենք»: Լավ, այս ամենում որտե՞ղ է Գանձասարը, տղերք: 

Ինչ կարիք կար երգով մարդու ծննդյան օրը ասել, թե ինչքան չեք սիրում նրան: Հիշեք, կարելի է մարդուն ասել, որ սիրում եք նրան, բայց ասել՝ չեք սիրում, մեր մեջ ասած անպատկառություն է: 

Ասում եմ ձեզ՝ երգը պարտավոր էր լավը լինել: Վատ երգը, ինչպես փուսթ գնացած քվե, որի ամբողջ ողբերգությունն այդ մարդը տեսել է: 

Մհեր Արշակյան

MediaLab.am