Հայ գերիների նկատմամբ բռնությունների կիրառումը Ժնևյան կոնվենցիայի խախտում է. ԵԽ պատգամավոր

Ադրբեջանում այսօր հայ ռազմագերիների գտնվելու փաստն ուղղակի անընդունելի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում  Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց քննարկման նախաձեռնող, ԵԽ սոցիալիստների ու դեմոկրատների առաջադեմ դաշինքի խմբակցության անդամ, պորտուգալացի պատգամավոր Իզաբել Սանտոսը:

«Մենք զեկույցներ ենք տեսնում այն մասին, որ նրանք (խմբ.- հայ ռազմագերիները) ենթարկվում են բռնությունների ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Սա Ժնևյան կոնվենցիայի հստակ խախտում է: Մենք պահանջում ենք բոլոր ռազմագերիների ազատ արձակում՝ առանց նախապայմանների»,- հայտարարեց ԵԽ պատգամավորը՝ ընդգծելով, որ 2020 թվականի նոյեմբերին կնքված եռակողմ համաձայնագիրը պետք է ամբողջությամբ կյանքի կոչվի։

Սանտոսն ընդգծել է, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը պետք է հրաժարվեն իրենց թշնամական հռետորաբանությունից ու վերադառնան բանակցային սեղանին՝ աշխատելով Մինսկի խմբի հետ:

«Բանակցային քաղաքական կարգավորումը, հիմնված հիմնարար իրավունքների ճանաչման վրա, միակ ճանապարհն է՝ տարածաշրջանում ունենալու խաղաղ ու կայուն ապագա»,- եզրափակեց պորտուգալացի պատգամավորը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և վարձկանների աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ: 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն, որով պատերազմը դադարեցվել է:

Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց:

Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը: Կան փաստական ապացույցներ՝ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին. հաստատվել է գերիների սպանության 19 դեպք: