Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Հոկտեմբերի 24-ին Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ երեխաներից մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսը վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, և նա ապաքինման փուլում է։

Եվս երկու երեխայի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։ Նրանք գտնվում են բժիշկների մշտական հսկողության ներքո։

Նախարարը շուտափույթ ապաքինում է մաղթել տուժածներին և շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին՝ ցուցաբերած հոգատարության ու նվիրված աշխատանքի համար։

Ավանեսյանը նաև քաղաքացիներին հորդորել է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ ընդգծելով զգոնության և պատասխանատվության կարևորությունը։