Պրեմիերա՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում. «Թռիչք կկվի բնի վրայով»

Պրեմիերա՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում. «Թռիչք կկվի բնի վրայով»
Պրեմիերա՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում. «Թռիչք կկվի բնի վրայով»

Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝  նվիրված Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն ներկայացմանը, որի առաջնախաղը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 29-ին:Ասուլիսին ներկա էին թատրոն տնօրեն Վարդան Մկրտչյանը, վարկածի և բեմադրության հեղինակ՝ Արմեն Էլբակյանը, գլխավոր դերակատար Արմեն Մարգարյանը, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը:

Թատրոնի տնօրեն Վ. Մկրտչյանը նշել է, որ յուրաքանչյուր պրեմիերա տոն է թատրոնի համար: «97-րդ թատերաշրջանը մեզ համար գերակտիվ շրջան է, և սա մեր գլխավոր ներկայացումն է՝ մեծ պրեմիերան, որը բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը: Որպես տնօրեն՝ համարձակ հայտարարում եմ, որ ստացվել է մայրաքաղաքային փայլուն ներկայացում, և ես հպարտ եմ մեր բեմում նման որակի ներկայացում ունենալու համար: Սիրով սպասում ենք մեր հանդիսատեսին»,- ասել է թատրոնի տնօրեն Վ. Մկրտչյանը:

«Ինքս ինձ հարց եմ տալիս, թե ինչի եմ այս գործը բեմադրել հրաշալի ֆիլմից հետո: Հավանում եմ թե՛ ֆիլմը, թե՛ գրական ստեղծագործությունը: Երկու դեպքում էլ ժամանակի մեջ մեծ գործ է արվել: Մեր խնդիրն է փորձել հասկանալ, թե ինչ բան է մարդուն հասցնել այնպիսի վիճակի, որ նա ցանկանա փախչել իրականությունից, հասկանալ բռնության, մարդուն ազատությունից զրկելու հետևանքները: Սա լավ առիթ էր այդ խնդիրները բարձրաձայնելու: Այս գործը խիստ ժամանակակից հնչեղություն ունի»,- իր խոսքում նշել է Արմեն Էլբակյանը:

Ա. Էլբակյանի տեղեկացմամբ՝  ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, որոնք հրաշալի կատարել են իրենց առջև դրված խնդիրը: Արժևորել է նաև կոմպոզիտոր Գարի Քյոսայանի աշխատանքը, որը, ըստ Էլբակյանի, ներկայացման մեջ բավական հետաքրքիր մթնոլորտ է ստեղծել: Ռեժիսորի խոսքով՝  իրենք փորձել են խախտել ժամանակը, որովհետև այն ամենն ինչ կատարվում է ստեղծագործության մեջ, ժամանակից դուրս է: Կարևորը ոչ թե ժամանակն է, այլ նպատակը՝ թե ինչպես մարդը կփորձի ազատագրվել տիրող քաոսից:

Ի պատասխան լրագրողի հարցին՝ Էլբակյանը ասել է, որ աշխատել են հնարավորինս հարազատ մնալ վեպին՝ ի տարբերություն ֆիլմի, որը բավական հեռացել է վեպի ֆաբուլայից: Ռեժիսորը ներկայացման մեջ կարևորել է յուրաքանչյուր դեր, քանի որ ներկայացումը մեկ անձի շուրջ լուծված չէ, այլ բոլորը ենթարկվում են մեկ գեղարվեստական մտածողության:

Գլխավոր դերակատար Արմեն Մարգարյանը ևս շնորհակալություն է հայտնել ղեկավարությանը, ռեժիսորին և ասել, որ ոչ միշտ են լինում նման դերեր:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։