«Եթե ցանկը Կառավարությունն է որոշելու, բա էլ ումի՞ց պիտի անկախ լինեն»․ Թովմասյանը՝ լրատվամիջոցների ֆինանսավորման մասին

Ազգային ժողովում այսօր քննարկվել է եկամուտների հայտարարագրման համակարգի միջոցով լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպություններին և կուսակցություններին ֆինանսական աջակցություն տրամադրելու օրենսդրական նախաձեռնությունը։

ԱԺ նախկին պատգամավոր, «Ժողովուրդ» թերթի հիմնադիր Թագուհի Թովմասյանը մտահոգություն է հայտնել, որ ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կազմակերպությունների ցանկը սահմանելու է Կառավարությունը՝ կասկածի տակ դնելով նրանց անկախությունը։

«Եթե այս օրինագծի նպատակն այն է, որ պետք է անկախ լինեն կուսակցությունները, ՀԿ-ները և լրատվամիջոցները, բայց միաժամանակ ցանկը պիտի սահմանի Կառավարությունը, բա էլ ումի՞ց պիտի անկախ լինեն»,- հարցրել է Թովմասյանը։

Նա նաև բարձրացրել է ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցներին որոշելու չափորոշիչների հարցը՝ մտահոգություն հայտնելով հնարավոր խտրականության վերաբերյալ։

Ֆինանսների փոխնախարարը պարզաբանել է, որ Կառավարությունը չի գնահատելու լրատվամիջոցների հրապարակումների բովանդակությունը։ Ֆինանսավորում ստանալու համար պահանջվելու է առնվազն երկու տարվա պետական գրանցում, հարկային պարտավորությունների բացակայություն և անհրաժեշտ տվյալների ներկայացում ՊԵԿ։

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը շեշտել է, որ ֆինանսավորման հասցեատիրոջը որոշելու է քաղաքացին։