NVIDIA ընկերության տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել ընկերության նախագահի, գլխավոր գործադիր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոններից։ Ըստ տարածված հայտարարության՝ որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես։
Գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ընկերության ֆինանսական տնօրեն Քոլեթ Քրեսը, որը կշարունակի կատարել նաև իր ներկայիս պարտականությունները՝ մինչև մշտական ղեկավարի նշանակումը։
Տնօրենների խորհուրդը նախաձեռնել է նոր գործադիր տնօրենի որոնման գործընթաց՝ դիտարկելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թեկնածուների։
Քրեսը NVIDIA-ի ֆինանսական տնօրենն է 2013 թվականի սեպտեմբերից։ Նախկինում նա շուրջ 25 տարի աշխատել է տեխնոլոգիական ընկերություններում, այդ թվում՝ Cisco-ում և Microsoft-ում։
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել Հարվի Ջոնսը։
«Քոլեթն օգնել է NVIDIA-ին հասնել բացառիկ աճի և խորապես տիրապետում է մեր բիզնեսին, հաճախորդների հետ հարաբերություններին ու ֆինանսական իրավիճակին։ Տնօրենների խորհուրդը լիովին վստահում է նրան և ղեկավար թիմին»,- հայտարարել է Ջոնսը։
Քրեսն իր հերթին նշել է, որ շարունակելու են զարգացնել Հուանգի՝ վերջին 33 տարիների ընթացքում ստեղծած հիմքը՝ պահպանելով ընկերության առաջատար դիրքերը արագացված հաշվարկների և արհեստական բանականության ոլորտներում։
NVIDIA-ն նախատեսում է 2027 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները հրապարակել նոյեմբերի 17-ին՝ նախապես սահմանված ժամանակացույցով։



















