«Ինչո՞ւ եք քաղհասարակությանը մեղադրում ԱԱԾ սպայի պատիվը արատավորելու համար, եթե ինքներդ հաստատում եք, որ Սաքունցը ճիշտ էր»․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Կարդացի Արթուր Սաքունցին ուղղված մեր ԱԱԾ հաղորդագրությունն ու ապշեցի, ամաչեցի․..

Ժողովրդավարական կամ դեպի ժողովրդավարություն գնացող երկրում, այն էլ Թավշյա հեղափոխությունից հետո, թվում էր թե իրավապահ մարմինները պետք է հրաշալի գիտակցեին, որ իրավիճակ է փոխվել, և իրավապաշտպան կազմակերպությունների սուրբ պարտականությունն է հենց քաղաքացիական վերահսկողություն իրականացնել, անգամ քննադատել իրավապահ մարմիններին ու ուժային կառույցներին՝ այդ թվում ԱԱԾ-ին։ Էլ ինչ իրավապաշտպան կազմակերպություն, եթե նա դա չի անելու․ խոսքն, իհարկե, փաստարկված ու հիմնավոր քննադատության մասին է։ Իսկ Արթուր Սաքունցի հայտնի ստատուսի հարցը հիմնավոր էր, ու ԱԱԾ-ն ինքն էլ հաստատել է, որ այո, հետաքրքրվել է միջազգային կառույցների հետ համագործակցող քաղահասարակության տարբեր ինստիտուտների, կառույցների ղեկավարների, անդամների ունեցած սեփականությունով, ստացած դրամաշնորհներով և այլն, այսինքն՝ հաստատել է, որ Արթուր Սաքունցի հայտարարությունը ճշմարտություն է։

Մի կողմ եմ թողնում, թե Արթուր Սաքունցից բացի ուրիշ ում սեփանկանությամբ ու ստացած դրամշնորհներով են հետարքրվել։ Նորմալ է, հետաքրքրվեք, պարբերաբար ստուգեք, օրենք խատողներին էլ պատժեք։ Բայց, թերևս ՀՀ ԱԱԾ սպային պատիվ բերող հայտարարություն կլիներ ոչ թե Սաքունցին խորհուրդ տալը, որ նա ուժային կառույցներին «հարցեր չտալու» եղանակով հարգի կառույցի սպաների պատիվը, այլ որ ինքներդ հայտարարեիք, թե ինչ եք հայտնաբերել ձեր պարբերական ստուգումներով․․․

Արդյո՞ք, ինչպես ձեր նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է հայտարարել, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող ՀԿ-ները վտա՞նգ են Հայաստանի ազգային անվտանգությանը, թե ոչ։ Այս հարցի պատասխանն է ակնկալում հանրությունը Ա․Վանեցյանի հայտնի սկանդալային հայտարարությունից հետո, ու պետք է պարզաբանում տրվի․ եթե ազգային անվտանգություն ապահովելու նկատառումներով ստուգել եք բոլոր կառույցների ու նրանց ղեկավարների ունեցվածք, ֆինասավորումը և գործունեությունը, ապա սպայի պատիվը բարձրացնելու համար կամ հայտարարեք, որ Արթուր Վանեցյանը ստել է, թե հայտնի ՀԿ-ների գործունեությունը վտանգ է Հայաստանի անվտանգությանը, ու ԱԱԾ-ն հանիրավի կասկածներ է ունեցել Հայաստանում Թավշյա հեղափոխության՝ «դրսից» կազմակերպված ու ֆինանսավորված լինելու մասին, կամ հակառակը։

Պարոնայք ԱԱԾ սպաներ, հավատացնում եմ, ձեր պահվածքն ու հայտարարությունը բացարձակեպես հասկանալի չէ, եթե միայն խոստովանում եք, որ մանրակրկիտ ուսումնասիրել եք Արթուր Սաքունցին ու քաղհասարակության շատ այլ գործընկերների, բայց չեք հայտարարում, թե որն է ձեր «ստուգման» եզրակացությունը, ու դեռ ավելին՝ պահանջում եք, որ իրավապաշտպան կազմակերպությունները «չխառնվեն» ձեր ներքին գործերին, ավելին՝ ուժային կառույցների պաշտոնյաների անհասկանալի ծագման սեփակականության ողբյուրների ուսումնասիրությամբ չզբաղվեն։

Հասկանալի է գործընկերներին ու համակարգի պաշտոնյաներին պաշտպանելու ձեր գործընկերային վարքագիծը, բայց անհասկանալի է, թե ինչն եք պաշտապանում, երբ արդեն ակնհայտ է, որ ձեր համակարգում էլ եղել են ու կան պաշտոնյաներ, որոնք սոսկ պետծառայության մեջ լինելով, իրենց հետ փոխկապակցված անձանց վրա ունեն ձևակերպված բիզնեսներ ու տպավորիչ սեփականություն։ Վանեցյանների ընտանքիը թերևս դրա վառ վկայությունն էր։ Հետևաբար, հարց է՝ ինչո՞ւ եք քաղհասարակությանը մեղադրում ԱԱԾ սպայի պատիվը արատավորելու համար, եթե ինքներդ հաստատում եք, որ Սաքունցը ճիշտ էր, իսկ դուք․․․»։