Կստեղծվի ատելության խոսքի դեմ պայքարի օրենսդրության բարեփոխման աշխատանքային խումբ

Կստեղծվի ատելության խոսքի դեմ պայքարի օրենսդրության բարեփոխման աշխատանքային խումբ
Կստեղծվի ատելության խոսքի դեմ պայքարի օրենսդրության բարեփոխման աշխատանքային խումբ

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը տեղեկացնում է, որ վաղը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում կստեղծենք ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխման աշխատանքային խումբը:

«ՄԱԿ-ը առաջարկում է օգտագործել «Ռաբաթի թեստը»՝ որոշելու համար արդյոք օգտագործված ատելության խոսքը պետք է հանգեցնի քրեական պատասխանատվության, թե ոչ։

1. Համատեքստը․ Հարկավոր է վերլուծել քաղաքական և սոցիալական համատեքստը՝ հասկանալու համար արդյոք օգտագործված ատելության խոսքը անձի կամ խմբի նկատմամբ խտրականության, թշնամանքի կամ բռնության հանգեցնելու հավանականություն ունի:

2. Հեղինակը․ Հարկավոր է վերլուծել ատելության խոսքի հեղինակի դիրքն ու կարգավիճակը՝ հասկանալու համար հանրության վրա նրա խոսքի ազդեցության հնարավոր աստիճանը։

3. Դիտավորությունը. Միայն դիտավորությամբ օգտագործված ատելության խոսքն է, որ կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Անփութությամբ կամ անխոհեմաբար օգտագործված ատելության խոսքը չի կարող հանգեցնել քրեական պատասխանատվության։

4. Բովանդակությունը և ձևը. Հարկավոր է վերլուծել, թե որքան ուղիղ, հրահրող և ուժգին է ատելության խոսքը։

5. Տարածումը. Հարկավոր է վերլուծել ատելության խոսքի հանրայնությունը, տարածման միջոցները, հասանելիությունը, լսարանի չափը, հաճախականությունը և քանակը։

6. Վնասի հավանականությունը կամ ռիսկը. Թեև հրահրումը անավարտ իրավախախտում է, պարտադիր չէ, որ այն գործողությունը, որը ատելության խոսքը հրահրում է, կատարված լինի, որպեսզի ատելության խոսքը քրեորեն պատժելի լինի։ Սակայն վնասի հավանականություն կամ ռիսկի որոշակի աստիճան պետք է առկա լինի քրեական պատասխանատվության համար։ Նաև հարկավոր է ապացուցել պատճառահետևանքային կապը ատելության խոսքի և հնարավոր բռնության կամ խտրական գործողության միջև։

***
Իհարկե այն ատելության խոսքը, որը ըստ այս թեստի քրեական պատասխանատվության չպետք է հանգեցնի, պետք է շարունակվի կոչվել ատելության խոսք և այլ սանկցիայի և հանրային պախարակման ենթարկվի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարիա Կարապետյանը։