Երեխաների ապօրինի որդեգրման գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2 մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1976 թվականին ծնված քաղաքացի:

Նշենք, որ այսօր նույն գործի շրջանակներում, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են նաև «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն » ՊՈԱԿ –ի տնօրեն Լիանա Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշված քրեական գործի շրջանակներոմ, ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, մեղադրանք էր առաջադրվել մեկ անձի՝ Երևան քաղաքի բնակչուհու՝ ծնված 1976 թվականին:

Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։