Գիտական ղեկավար պաշտոն զբաղեցնողների 48.3%-ը 65 տարեկանից բարձր տարիքի է

ՀՀ գիտական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը կարևորում է գիտական ղեկավար պաշտոններում երիտասարդների ներգրավումը՝ նշելով, որ գիտական ղեկավար պաշտոն զբաղեցնողների 48.3 տոկոսը 65 տարեկանից բարձր տարիքի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն»  թեմայով խորհրդարանական լսումներում:

«Բարեփոխումների իրականացման համար նաև պետք է ընդունենք, որ համակարգում կան մի շարք խնդիրներ ու աշխատանք տանենք այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Դրանցից ամենակարևորը գիտնականների ծերացող համայնքն է: Գիտական ղեկավար պաշտոն զբաղեցնողների 48.3 տոկոսը 65 տարեկանից բարձր տարիքի են»,-ասաց Հայոցյանը:

Կոմիտեի նախագահը նկատեց, որ նրանք էլ համավարակի պայմաններում ռիսկային խումբ են համարվում, մահացության մակարդակն էլ բավականին բարձր է: «Հիմա այդ համայնքի պահպանման համար պետք է կարողանանք ներգրավել կոմպետենտ երիտասարդներ, միայն երիտասարդների թվակազմը բավարար չէ: Մեզ անհրաժեշտ է նաև, որ համապատասխան կոմպետենցիա ունեցող երիտասարդ գիտնականներ գան, որպեսզի այդ ավանդույթները, դպրոցները պահպանեն կամ նորերը ստեղծեն, կարողանան խումբ ղեկավարել»,-ասաց նա:

Հայոցյանը հավելեց, որ այս հարցի կարգավորման ուղղությամբ 2020-ին ԱԺ-ի ջանքերով ավելացված բյուջեի շրջանակներում, մի շարք ծրագրերին զուգահեռ իրականացրել են 2 ծրագիր՝ ուղղված երիտասարդ ղեկավար ունեցող խմբերի կայացմանը կամ ամրապնդմանը: «Ունենք 25 նոր խմբեր, որոնք ստանում են բավականաչափ բարձր ֆինանսավորում, սակայն միևնույն է, հարցը պահանջում է համակարգային լուծում»,-ասաց նա ու կարևորեց բազային աշխատավարձերի բարձրացումը:

Որպես մյուս խնդիր կոմիտեի ղեկավարը մատնանշեց գիտական ենթակառուցվածքների մասնատվածությունը, մաշվածությունը: Նա կարևորեց գիտական հիմնարկների խոշորացումը: