Հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակների և նպաստների չափը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափն՝ այն սահմանելով 28,600 դրամ՝ ներկայումս սահմանված 26,500 դրամի փոխարեն:

Նախարարությունից տեղեկացնում են, որ կբարձրանան նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը․
• 1-ին խմբի դեպքում՝ 43,000 դրամ (ներկայումս սահմանված 40,000 դրամի փոխարեն),
• 2-րդ խմբի դեպքում՝ 33,000 դրամ (30,000 դրամի փոխարեն),
• 3-րդ խմբի դեպքում՝ 30,000 դրամ (27,000 դրամի փոխարեն)։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 30,000 դրամ՝ սահմանված 27,000 դրամի փոխարեն։

2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը՝ սահմանելով 28,600 դրամ (ներկայումս՝ 26,500 դրամ)։

Մանկուց հաշմանդամություն ունեցող շուրջ 8,500 երեխայի համար հաշմանդամության նպաստի չափը կսահմանվի 37,000 դրամ (ներկայումս՝ 26,500 դրամ)։