ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին ու հույս հայտնել, որ տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկից կլինի կրթության բոլոր աստիճաններում:
Տոնական այս օրը մեկ անգամ ևս առիթ է տալիս մեզ` կրթության գործընթացի բոլոր մասնակիցներիս` աշակերտից մինչև տնօրեն, ասպիրանտից մինչև պրոֆեսոր, վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ մեր պետության զարգացման ու հզորացման գործընթացում:

Կրթության ոլորտում համաշխարհային զարգացումներն այսօր հավաստում են, որ մեր կրթական համակարգի որակի և արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրերն այլընտրանք չունեն, ու բոլորիս համար ցանկալի արդյունքին հասնելու համար կարևորված է յուրաքանչյուրիս մասնակցությունը: Իմ շնորհավորանքն եմ հղում Սփյուռքի հայկական դպրոցների բոլոր մանկավարժներին, ովքեր իրենց ուսերին են վերցրել հայապահպանության ու ազգային արժեքների փոխանցման պատասխանատու գործը: Շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ` ցանկանում եմ հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու հաջողություններով լի ուսումնական տարի: