Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը Ազգային ժողովի հոկտեմբերի 28-ի նիստում

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը Ազգային ժողովի հոկտեմբերի 28-ի նիստում
Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը Ազգային ժողովի հոկտեմբերի 28-ի նիստում

28 հոկտեմբերի 2010թ., ք. Երեւան: Ազգային ժողովի  հոկտեմբերի 28-ի առաջին նիստում, երբ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագիծը քվեարկության դնելու մասին, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընթերցեց քվեարկությանը չմասնակցելու վերաբերյալ կոալիցիոն երեք քաղաքական ուժերի (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ) համատեղ հայտարարությունը, վարման կարգի շրջանակներում պատասխան հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ներկայացնում ենք նիստի այդ հատվածի սղագրությունը:

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱԺ նախագահ.

-Վարման կարգի վերաբերյալ` Րաֆֆի Հովհաննիսյան:

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ.

-Պարոն խոսնակ, հարգելի գործընկերներ.

Հիրավի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման օրինագծի քվեարկությունը մեր ճշմարտության պահն է` թե´ որպես առանձին պատգամավոր-քաղաքացիներ, թե´ որպես հավաքական ուժ:

Երեկ խոսնակի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում կոալիցիոն գործընկերներն առաջարկեցին Աստանայի առաջիկա խորհրդաժողովի համատեքստում մի փոքր հետաձգել` տեղափոխել այս օրինագծի քվեարկությունը: Հիմա ասում եմ, որ խիստ անհավանական է, որ որեւէ բան փոխվի մինչեւ Աստանա կամ դրանից հետո: Մե°ր մեջ ինչ-որ բան պիտի փոխվի: Եվ եթե մեծամասնության համար մի փոքր ժամանակ է պետք` մենք դեմ չենք. համաձայն ենք ճշմարտության մեր պահը տեղափոխել երկու քառօրյա անց, մինչեւ հինգշաբթի` դեկտեմբերի 9-ը:

Այլեւս մեզանից չեք լսի հարցը մեծ օրակարգ մտցնելու պահանջ, համաձայնություն, փոխզիջում, որովհետեւ քաղաքական մեծամասնության փաստարկներն ընդունում ենք, որ սա գտնվում է մեծ եւ քառօրյա նիստերի օրակարգում եւ կմնա այդպես մինչեւ քվեարկությունը` դեկտեմբերի 9-ը: Այդ օրն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունելով այս օրինագիծը` մենք կհրավիրենք նաեւ նոր շրջան հայոց խորհրդարանական եւ ազգային քաղաքականության մեջ, որովհետեւ հաջորդ օրը` դեկտեմբերի 10-ը, Արցախի անկախության հանրաքվեի 19-ամյակն է, այսինքն` մտնում ենք քսանամյակի մեջ եւ անհրաժեշտ է, որ դրանից հետո` մինչեւ հաջորդ տարվա 20-րդ տարեդարձի տոնակատարությունը, Արցախը, Սփյուռքը, Հայաստանը ամբողջական լարումով, միասնական ջանքերով, ինչ-որ տեղ` մեղքերի քավությամբ տանեն ծրագրավորված, նպատակասլաց քաղաքականության արշավ միջազգային հանրության եւ նրա առանձին անդամների կողմից Արցախի ճանաչման համար:

Ուրեմն` մինչեւ դեկտեմբերի 9-ը «Մշո Սուլթան, Սուրբ Կարապետ» մեզ լինի օգնական:

Շնորհակալություն:

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ.

-Պարոն Հովհաննիսյան, այսինքն` դուք առաջարկում եք, որ մենք քվեարկենք հետաձգելու մասին որոշո՞ւմը: Ձեւակերպեք Ձեր առաջարկը:

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ.

-Ելնելով Ձեր երեկվա դիմումից, որը հղում կատարեց ԵԱՀԿ առաջիկա գագաթաժողովին, փաստորեն, տեղափոխել երկու քառօրյա անց, ընդառաջում ենք հարգանքով եւ առաջարկում ենք քվեարկության դնել վերջնականապես եւ առանց փոփոխության դեկտեմբերի 9-ին:

Շնորհակալություն: