«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 12:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. նոյեմբերի 14-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Կապան, Իջևան, Ստեփանավան, Լերմոնտովո և Արզնի համայնքների ավագանու ընտրությունները 33 տեղամասերում և 3 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Բոլոր համայնքներում քվեարկությունն իրականացվում է 1 քվեաթերթիկով, և ընտրողները քվեարկում են՝ գրիչով նշում կատարելով։

Առաքելության դիտորդները տեղաբաշխված են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական տարբեր վարք դրսևորած տեղամասերում, ինչպես և այցելում են մյուս տեղամասերը և շրջագայության միջոցով դիտարկում համայնքներում ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը: Շրջիկ դիտորդական խմբերը դիտարկել են նաև հանձնաժողովի նիստը լրացուցիչ տեղամասերում։

Ստորև ներկայացնում ենք 35 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը:

Այսպես, հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված 33 տեղամասային կենտրոններից 4-ում ՏԸՀ նիստը նախատեսված 7։00-ի փոխարեն մեկնարկել է 5-15 րոպե ուշացումով՝ հանձնաժողովի անդամների ուշացման և դրա հետևանքով քվորում չլինելու պատճառով։Դիտարկված 3 տեղամասային կենտրոններից 1-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում, իսկ 4 դեպքում՝ 2-րդ հարկում:

7 տեղամասային կենտրոններ գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել: Տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության համար նախատեսված հատուկ միջոցներ առկա չեն դիտարկված տեղամասերից 21-ում։ 1 քվեասենյակում լուսավորությունը գնահատվել է ոչ բավարար։

Դիտարկված տեղամասերից 2-ում հանձնաժողովի գործառույթները վիճակահանությամբ չեն բաշխվել․ մեկ դեպքում քարտուղարն է ինքնուրույն լրացրել բաշխումը, իսկ մեկ դեպքում տեղեկացրել են, որ նախորդ օրն են իրականացրել վիճակահանությունը։

Միայն Կապանի մեկ տեղամասում դիտարկվել է վնասված՝ պատռված քվեաթերթիկ, որը հանվել է տրցակից նախագահի կողմից։ 2 տեղամասերում քվեարկության սենյակներում քվեախցիկների hետևում եղել է բաց տարածք, իսկ մեկում քվեախցիկների միջև հեռավորությունը 1 մետրից պակաս է եղել։ Մեկ տեղամասում արձանագրվել է քվեասենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող ոստիկանի ներկայություն․ ոստիկանն իր ներկայությունը հիմնավորել է՝ պնդելով, որ տեսախցիկների բացակայության դեպքում իրենք պետք է գտնվեն քվեարկության սենյակում։

Ուշագրավ է, որ ևս երկու տեղամասերում գրանցվել են միևնույն կուսակցության 3-ական վստահված անձինք, որոնք քվեասենյակում ներկա են լինում «հերթափոխով»:Դիտարկված ընտրատեղամասերից միայն 12-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք, որոնցից 9-ը՝ Իջևան համայնքում: Կապան քաղաքի ընտրատեղամասերից մեկի հարակից տարածքում նկատվել են մարդկանց կուտակում:«Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների և շրջիկ դիտորդական խմբերի միջոցով:

«Ընտրություններ բոլորի համար 2021 – տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ․Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ«Կանանց իրավունքների տուն» ՀԿ«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ