Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀ Զինված ուժերի երիտասարդ սպաների համաժողովին

Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀ Զինված ուժերի երիտասարդ սպաների համաժողովին
Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀ Զինված ուժերի երիտասարդ սպաների համաժողովին

«Հարգելի՛ սպաներ,
Ուրախ եմ մասնակցելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային 1-ին համաժողովին: Ողջունում եմ բոլորիդ: Խիստ կարևորում եմ համաժողովի կազմակերպման փաստը և մաղթում, որ այն իսկապես լինի արդյունավետ ու դառնա ավանդական:
Այսօր ուզում եմ ձեզ մի քանի պատգամ հղել, որ կարևոր եմ համարում հատկապես իրենց առաջին քայլերն անող երիտասարդ սպաների համար:

Առաջին.

Ժամանակակից բանակների սպաների նախատիպերը միջնադարյան Եվրոպայում ասպետներն էին, Հայաստանում` նախարարական և իշխանական տների ներկայացուցիչները: Ազգի զինվորականության կորիզը տվյալ ազգի ազնվականությունն էր: Չկա այդ կազմակերպված ուժը` չկա պետություն: Թվում է, թե 21-րդ դարում պատմական այս զուգահեռները հնացած են: Բայց սա մակերեսային տպավորություն է: Կարդացեք միջնադարում հայերի տված ճակատամարտերի ցանկացած նկարագրություն և կտեսնեք, որ ամենապատասխանատու կետերում ազնվական տների զավակներ էին, որոնք պաշտպանում են բառի ուղղակի իմաստով իրենց հոր տան պատիվը, բայց մեծ հաշվով` հայրենիքը: Իմ առաջին պատգամն է ձեզ` հիշել, որ ձեր` երիտասարդ սպաներիդ ուսերին այսօր նույն պատասխանատվությունն է և նույն առաքելությունը` պաշտպանել հայրական տան պատիվը, այսինքն` հայրենիքը: Այո, փոխվում են դարաշրջաններն ու իրողությունները, բայց ազնվականության առաքելության այսօրվա կրողները, ռազմական ավանդույթների ժառանգորդը դուք եք: Եթե չեք, պետք է դառնաք:

Երկրորդ.

Այդ ժառանգությունը ենթադրում է համապատասխան վարք ու կեցվածք: Մեր հասարակությունը գրեթե մոռացել է, որ սպայությունը բարձրագույն կրթություն ստացած մտավորականություն է: Այո, ձեր գործը խիստ առանձնահատուկ է, բայց, միևնույնն է, դուք ազգի մտավորակության կարևոր թևն եք: Մեր հասարակության ընկալումներից առաջին հերթին ձեր շնորհիվ պիտի արմատախիլ արվի բռի և անտակտ զինվորականի կերպարը, մանավանդ որ կառավարչական գործառույթ եք նաև իրականացնում: Դուք մտավորականներ եք: Եթե չեք, պետք է դառնաք:

Երրորդ.

Սպայակազմը պետության ողնաշարն է: Այն ամուր է և ուղիղ այնքան, որքան նրա սպայակազմը: Որևէ երկրի ողնաշարը ջարդելու մի ճանապահ կա` ոչնչացնել սպայակազմը: Սա նշանակում է, որ դուք մտավորականության այն թևն եք, որ թշնամու առաջին թիրախն է: Այսպիսով, դուք եք հայրենիքի առաջին պատվարը, և մենք` իշխանություն ու ժողովուրդ, գիտենք դա: Գիտենք և ձեզ համար պատրաստ ենք անելու հնարավորն ու անհնարինը: Առաքելություն իրականացնելու առումով դուք մեր հասարակության ամենապատրաստված շերտն եք` թե՛ հոգեբանորեն, թե՛ գիտելիքներով, թե՛ ֆիզիկապես: Եթե չեք, պետք է դառնաք:

Չորրորդ.

Կարգապահություն, խիզախություն, մարզվածություն, կրթվածություն. սրանք պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են հայ սպայի նկարագիրն ամբողջացնելու համար: Կա հինգերորդը` հաղթողի հոգեբանությունը: Ձեր շուրջն ապրում և հաճախ ձեր կողքին ծառայում են Արցախյան ազատամարտի փառավոր հաղթանակները կռած մարտիկներ: Նրանք գիտեն, թե դա ինչ է: Ձեր սրբազան պարտականությունն է ավագ սերնդից ընդունել նաև ա՛յդ հերթափոխը: Հիշե՛ք` թշնամին ձեզնից վախենում է, որովհետև աչքի առաջ ունի ձեր հայրերի և ավագ եղբայրների օրինակը: Այսօրվա ու վաղվա օրինակը դուք եք: Եթե չեք, պետք է դառնաք:

Հարգելի՛ սպաներ,

Վերջին պատերազմում հայ ռազմիկի հարվածներից խորտակվել են բոլոր ամրությունները: Այդ հարվածների թափը թշնամու շարքերում սերմանել է խուճապ և հուսահատություն: Արդյունքում նույնիսկ շարքեր չեն մնացել: Մենք պարբերաբար տեսել ենք անկանոն փախուստի մատնված թշնամու թիկունքը: Մեր կրակահերթերն ու համազարկերը մարդու և ազգի ազատության, մարդու և ազգի արժանապատվության փառաբանումներ էին: Մեր ռազմիկների հարաբերությունները` հրամանատարներից մինչև զինվորներ, ընկերասիրության, փոխօգնության ու զենքի եղբայրության դասագրքային օրինակներ էին:

Մենք չենք ընկրկել ո՛չ անփորձ նորակոչիկների, ո՛չ փորձված վարձկանների և ո՛չ էլ հակառակորդի բազմապատիկ ավելի գլխաքանակի առաջ: Դրանք մեզ համար զգոնության լրացուցիչ ազդակներ էին:

Այո՛, մենք հաղթեցինք տևական, ծանրագույն և անհավասար պատերազմում: Ոմանք «անհավասար պատերազմ» ասելով նկատի ունեին այն իրողությունը, որ Ադրբեջանն ուներ ավելի շատ փող, ավելի շատ տեխնիկա և կենդանի ուժ: Դա ճիշտ է, բայց ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք: Ազատասերը կռվում էր զավթիչի դեմ, և ազատասերը մենք էինք: Արդարը կռվում էր անարդարի դեմ, և արդարության մարմնավորումը մենք էինք:

Այսօր էլ մենք խաղաղության կողմնակիցն ենք, բայց եթե զավթիչների ու անարդարների մտքով նոր արկածախնդիր մտադրություն անցնի, վայրկյան անգամ չեմ կասկածում` նորից անհավասարություն կլինի, ու մենք էլի կլինենք ուժեղը, որովհետև հայրական տունն ու հայրենիքը պաշտպանողը անպարտ է ու անկասելի:

Հարգելի՛ սպաներ,

Այդ «մենք»-ի մեջ առաջին հերթին հիմա դուք եք: Հավատացնում եմ ձեզ` դա իսկապես մեծ պատիվ ու բախտավորություն է ձեզնից յուրաքանչյուրի համար:

Մաղթում եմ ձեզ հաջողություն և անփորձանք ծառայություն:

Հավատում եմ ձեզ, հպարտ եմ ձեզնով և Աստված ձեզ պահապան:

Շնորհակալություն»:

***

ՀՀ Զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցել է համաժողովին մասնակցող սպաների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն Հարությունյանը նկատելով, որ Կազանի հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ գործողությունները կրկին ակտիվացել են՝ Նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, երեկ հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ, հետաքրքրվել է, թե ո՞ր փուլում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, և արդյո՞ք միջազգային հանրության կողմից կան ճնշումներ:

Սպայի հարցին Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է.

– Նախ պետք է ասեմ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խնդիրը լուծենք խաղաղ ճանապարհով: Գործընթացը շարունակվում է, և այդ գործընթացում մենք կառուցողական ենք: Այդ մասին բոլորը գիտեն, և իմացողների մի մասը մեզ խրախուսում է, մյուս մասը փորձում է քննադատել: Բայց էականը դա չէ, էականն այն է, որ ճնշումների մասին խոսակցություններն ուղղակի չափազանցություն են: Համանախագահող երկրները փորձում են մոտեցնել հակամարտության բոլոր կողմերի դիրքորոշումները, բոլոր՝ ես նկատի ունեմ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի դիրքորոշումները: Այդ գործընթացը դժվարությամբ է ընթանում, բայց այդպես էլ պետք է լիներ: Մենք երբեք էլ չենք ակնկալել հեշտ լուծում: Մեր դիրքորոշումը հայտնի է, և այդ դիրքորոշումը հեշտությամբ չի ընդունվում մյուս կողմում: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացի լուծում լինի: Եթե քեզ նման սպաները շատ լինեն, ովքեր մեր վստահությունը բարձրացնում են, մեր ուժերը կրկնապատկում են, ուրեմն մենք որևէ խնդիր չենք ունենալու: Որքան դուք ուժեղ լինեք, որքան մեր բանակը մարտունակ լինի, այնքան մենք ավելի լավ բանակցային դիրք ենք ունենալու: Այնպես որ` նախ շնորհակալ եմ և երկրորդ` քեզ բարի ծառայություն եմ մաղթում:

Ավագ լեյտենանտ Արմեն Հարությունյանը վստահեցրել է, որ ինքը և իր բոլոր ընկերները` ՀՀ ԶՈՒ երիտասարդ սպաները չեն թերագնահատում հակառակորդին, բայց և վստահ են իրենց ուժերին և պատրաստ` պատվով կատարել ամենադժվարին հանձնարարություններն անգամ: