Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ՀՀԿ 13-րդ համագումարին: Համագումարում Սերժ Սարգսյանը հանդես է եկել հաշվետու զեկույցով:
***
ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 13–րդ համագումարում
Սիրելի՛ հանրապետականներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը վաղուց արդեն դարձել է մեր երկրի կարևորագույն հասարակական-քաղաքական իրադարձություններից մեկը` ներկայանալով որպես մեր կայացող պետականության և ամրացող նոր ավանդույթների յուրօրինակ մարմնացում: Եվ դա օրինաչափ է:
Հանրապետական կուսակցությունը երկրի իշխող քաղաքական ուժն է անկախ Հայաստանի գոյության գերակշիռ հատվածում և իր գործընկերների հետ կարողացել է միշտ դեպի առաջ պահել երկրի ընթացքը` անկախ բոլոր ներքին ու արտաքին ցնցումներից, անկախ առաջընթացի ուղին փակող խութերից կամ կործանարար հոսանքներից: Շատ բան է փոխվել այս ընթացքում. նախագահներ են փոխվել, հասարակական-տնտեսական ող