Դատախազը չի հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը

Հսկողություն իրականացնող դատախազի կողմից չի հաստատվել ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը: Որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ։ Որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Ա․Բաբլոյանի և Ա․Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատման տալ», ասաց Խաչատրյանը։

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: