Ակնհայտ է, որ Իրանը սա անպատասխան չի թողնելու. Արմեն Վարդանյան

Քաղաքագետ, միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը գրում է. 

«Իրաքում ԱՄՆ-ի կողմից Իրանի ազդեցիկ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ կապված փորձեմ իմ կանխատեսումներն անել։

Ակնհայտ է, որ Իրանը սա անպատասխան չի թողնելու։ Քանի որ ԱՄՆ-ը և Իրանը վաղուց արդեն միջնորդավորված պատերազմի մեջ են այլ երկրների տարածքում (քաղաքագիտական լեզվով դա կոչվում է պրոքսի պատերազմ-proxy war), ապա ամենայն հավանականությամբ Իրանը կփորձի հենց երրորդ երկրի տարածքում վրեժ լուծել ամերիկացիներից։

Դա կարող է տեղի ունենալ ամերիկյան բարձրաստիճան դիվանագետների, պաշտոնատար անձանց սպանության տեսքով կամ էլ երրորդ երկրի տարածքում ամերիկյան բազայի վրա հարձակմամբ։

Այսպիսի նախադեպեր արդեն եղել են։ Սա նաև կարող է լուրջ մարտահրավեր լինել 2-րդ անգամ առաջադրվելու ցանկություն հայտնած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Եթե Իրանին հաջողվի նման օպերացիա իրականացնել, ապա դրանից լրջորեն կտուժի Թրամփի հեղինակությունը և նա կարող էր խնդիրներ ունենալ վերընտրվելու կապակցությամբ։ Ժամանակին Ջիմի Քարտերը 2-րդ անգամ չընտրվեց ԱՄՆ նախագահ և պարտվեց Ռոնալդ Ռեյգանին մեծապես այն բանի պատճառով, որ հենց Քարտերի նախագահության շրջանում, 1979թ. Իրանում տեղի ունեցավ ԱՄՆ դեսպանատան գրավումը ցուցարարների կողմից և դեսպանատան 66 աշխատակիցներին պատանդ վերցնելը։

Ու չնայած ամերիկյան կողմը երկար ժամանակ բանակցություններ էր վարում Իրանի հետ պատանդներին ազատ արձակելու համար և նույնիսկ փորձ արվեց նրանց ազատման օպերացիա իրականացնել, այդ ամենն անհաջողության մատնվեց և իրանական կողմն այդ պատանդներին ազատ արձակեց միայն 444 օր հետո, երբ Ջիմի Քարտերը պարտվեց ԱՄՆ նախագահական ընտրություններում և Ռոնալդ Ռեյգանը անցավ իր պարտականությունների կատարմանը»։