Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների դեմ քարոզչական արշավը համակարգվում է Արթուր Վանեցյանի կողմից. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:

Ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ այդ հակաքարոզչությունը նաեւ վճարվում է Վանեցյանի կողմից: Միակ հարցը, որ ամբողջական պատասխան դեռ պիտի ստանա հետեւյալն է. արդյո՞ք Ա. Վանեցյանն այդ գործունեությունը սկսել է դեռ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակներից: Ըստ ամենայնի, այո:

Խնդիրն այն է, որ Աննա Հակոբյանի եւ Մարիամ Փաշինյանի դեմ ստահոդ լուրեր տարածելու հարցում ամենահայտնի կայքերից մեկը, որին պայմանականորեն կարող ենք անվանել քաղաքագետ.օռգ, Վանեցյանի հետ սկսել է համագործակցել դեռ 2018 թվականի վերջին: Կայքի խմբագրի եւ Վանեցյանի համագործակցության հարցը լուծել է Արամ Վարդանյան անունով հայտնի «Վստրեչի ապերը», կայքի խմբագրին հավաքագրելով Վանեցյանի համար:

Իհարկե, վաղուց լուրեր կան, թե դեռեւս ԱԱԾ Էրեբունու բաժնի պետ աշխատելու տարիներին գնդապետ Վանեցյանը եղել է Էրեբունու վարչական շրջանի քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի հովանավորության ներքո, բայց այս անգամ Արամ Վարդանյանը թերեւս Վանեցյանին ծառայություն մատուցելու շատ կոնկրետ առիթ է ունեցել: Խնդիրն այն է, որ Վարդանյանը Հայաստանից փախուստի էր դիմել այն բանից հետո, երբ մի քաղաքացի փողոցում մոտեցել էր նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հայտնել, որ Վստրեչի Ապերն ամիսներ առաջ իրեն առեւանգել եւ ազատությունից ապօրինի զրկել է: Այս խոսակցությունից շատ չանցած Վարդանյանը հեռացել էր Հայաստանից: Առեղծվածն այն է, թե որտեղից էր նա իմացել ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանին վարչապետի տված խիստ հանձնարարականի մասին` լրջորեն զբաղվել այս գործով:

Բայց սա ամբողջ պատմությունը չէ. ոստիկանության ջանքերի շնորհիվ հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանն արտերկրում ձերբակալվեց եւ արտահանձնվեց Հայաստանին: Ու տեղի ունեցավ անսպասելին` դատարանը մերժեց Վարդանյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը ու փախուստի մեջ գտնված, միջազգային հետախուզումով հայտնաբերված Վստրեչի Ապերը դատարանի կողմից ազատ արձակվեց: Ինչեւէ, քաղաքագետ.օռգ-ի խմբագրի հետ գործարքի կնքումից հետո կայքն անցել է Վանեցյանի PR խմբի տրամադրության տակ եւ դարձել ակտիվ հարթակ ԱԱԾ տնօրենին թաքնված գովազդ անելու եւ իշխանության մյուս ներկայացուցիչների դեմ սեւ քարոզչություն իրականացնելու համար: Հիմնական թիրախը, սակայն, եղել են վարչապետը եւ նրա ընտանիքի անդամները: Իհարկե, չեն մոռացել մեկ-մեկ էլ «վատ բան» գրել Ա. Վանեցյանի մասին` գործարքից ուշադրություն շեղելու համար: Այս ողջ գործընթացը համակարգել եւ շարունակում է համակարգել Վահագն Բոյաջյանը, ով Վանեցյանի մամուլի խոսնակն էր ԱԱԾ-ում եւ հիմա էլ` նրա PR մենեջերը, որ ԱԱԾ էր եկել ԱԻՆ-ից:

Մանրամասները՝ այստեղ