Ամենաաղքատ տնային տնտեսություններում ապրող յուրաքանչյուր 3 դեռահաս աղջիկներից 1-ը երբևիցե դպրոց չի հաճախել

ՅՈՒՆԻՍԵՖ – Այսօր համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան ժողովի, իսկ երեկ՝ կրթության նախարարների Կրթական համաշխարհային ֆորումի աշխատանքների մեկնարկին ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում քաղաքականություն մշակողներին` անդրադառնալ հանրային կրթության ծախսերում այս «ամոթալի» անհամամասնությանը։

21-ըհունվարի, 2020։Դավոս/Ժնև, ՆյուՅորք։ Կրթական համաշխարհային ֆորումին և աշխարհի առաջնորդների՝ Համաշխարհային տնտեսական ֆորումում հավաքվելուն ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է նոր ուսումնասիրություն, ըստ որի, աշխարհում ամենաաղքատ տնային տնտեսություններում ապրող դեռահաս աղջիկների յուրաքանչյուր 3-ից 1-ը երբևիցե դպրոց չի հաճախել։

Աղքատությունը, սեռով, հաշմանդամությամբ, էթնիկ ծագումով պայմանավորված խտրականությունը կամ ուսման լեզուն և դպրոցի հեռավորությունը, ինչպես նաև վատ ենթակառուցվածքները այն խնդիրներից են, որ շարունակում են խոչընդոտել ամենաաղքատ երեխաներին որակյալ կրթություն ստանալ։ Կրթության որևէ փուլում չներգրավվելը խթանում է աղքատության շարունակելիությունն ու հանդիսանում համաշխարհային կրթական ճգնաժամի հիմնական շարժիչը։

Ուսումնասիրությունը, որ կոչվում է «Կրթական ճգնաժամի լուծումները․ ամենաաղքատ երեխաների կրթության ֆինանսավորման սուր անհրաժեշտություն», անդրադառնում է կրթական ծախսերի բաշխման հիմնական անհամամասնություններին։ Սահմանափակ և անարդար կերպով բաշխված ֆինանսավորումը դասարաններում մեծաթիվ աշակերտների, անբավարար պրոֆեսիոնալիզմ ունեցող ուսուցիչերի, կրթական նյութերի պակասի և դպրոցների վատ ենթակառուցվածքների պատճառ է դառնում։ Սա իր հերթին բացասաբար է անդրադառնում հաճախելիության, դպրոցներում ընդգրկվածության, ինչպես նաև՝ առաջադիմության վրա։

«Աշխարհում ամենուրեք պետությունները ձախողում են աջակցություն ցուցաբերել ամենաաղքատ երեխաներին, դրանով իսկ ձախողելով իրենք իրենց», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Քանի դեռ կրթական բնագավառում հանրային ծախսերը անհամամասնորեն ուղղվում են ամենահարուստ տնային տնտեսությունների երեխաներին, ամենաաղքատներն աղքատությունից դուրս գալու, անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու, մրցակցելու, այսօրվա աշխարհում հաջողության հասնելու և իրենց երկրների զարգացմանը նպաստելու շատ քիչ հնարավորություն ունեն»։

42 երկրներից հավաքագրված տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ ամենահարուստ 20 տոկոս տնային տնտեսությունների երեխաների կրթական ծախսերին տրամադրվում է գրեթե կրկնակի ֆինանսավորում, քան ամենաաղքատ 20 տոկոս տնային տնտեսություններում ապրող երեխաներին։

Բարբադոսը, Դանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Շվեդիան ուսումնասիրության մեջ ներառված այն եզակի երկրներից են, որ հավասարապես են բաշխում կրթական ֆինանսավորումը ամենահարուստ և ամենաաղքատ քվինտիլների միջև։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին ուղղված հստակ քայլերի կոչ է հղում, այն է՝

  • Ներքին ռեսուրսները պետք է այնպես բաշխել, որ ամենաաղքատ 20 տոկոսի մեջ ներառված տնային տնտեսություններին բաժին ընկնի կրթությանն ուղղված ֆոնդերի առնվազն 20 տոկոսը։
  • Առաջնահերթություն տալ կրթության առաջնային մակարդակում հանրային ֆինանսավորմանը․ սա այն մակարդակն է, որտեղ ամենաաղքատ երեխաներն ունեն ներգրավվածության ամենամեծ ցուցանիշը։ Այնուհետև, երբ առաջնային մակարդակում ապահովված է համընդհանուր ծածկույթ, հատկացումներն աստիճանաբար ավելացնել ավելի բարձր կրթական մակարդակում։
  • Տրամադրել առնվազն մեկ տարվա նախակրթական ուսումնառություն յուրաքանչյուր երեխային։ Նախադպրոցական կրթությունը այն բազան է, որի վրա հիմնված է կրթական յուրաքանչյուր փուլ։ Այն երեխաները, որոնք ստանում են նախադպրոցական կրթություն, ավելի լավ են սովորում և ավելի հավանական է, որ շարունակեն կրթությունը ու հետագայում նպաստեն իրենց տնտեսությունների և հասարակությունների զարգացմանը, երբ չափահաս դառնան։ Երկրում կրթությանն ուղղված բյուջեի առնվազն 10 տոկոսը նախադպրոցական կրթությանը հատկացնելը հնարավորություն կստեղծի կրթության համընդհանուր ծածկույթ ապահովել։ 

«Մենք վճռորոշ խաչմերուկում ենք։ Եթե հօգուտ երեխաների կրթության խելամիտ և հավասար ներդրումներ կատարենք, նրանց աղքատությունից հանելու ամենահավանական քայլը կկատարանեք՝ տրամադրելով այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն նրանց օգտվել թե՛ առկա հնարավորություններից և թե՛ նորերը ստեղծել իրենց համար», – նշել է տիկին Ֆորը։

Իրավիճակը Հայաստանում

Զրոյից հինգ տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում կազմել է 33%. քաղաքներում` 38%, գյուղերում` 23%:

Ինչ վերաբերում է Հայաստանում ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաներին, ապա մինչև վեց տարեկան ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների 0%-ն է հաճախում նախադպրոցական հաստատություն՝ մանկապարտեզ կամ նման կենտրոն։

Ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների 11%-ը տարրական դպրոց, 48%-ը՝ ավագ դպրոց չի հաճախում, ավելին՝ նրանց 100%-ը կրթությունը չի շարունակում ԲՈՒՀ-ում։

Բարձրագույն կրթական հաստատություններում սովորում են ոչ աղքատ ընտանիքներում ապրող երեխաների 39%-ը, աղքատ ընտանիքներում ապրող երեխաների՝ 26% և ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաների 0%-ը:

Տվյալները Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» 2019թզեկույցից են։