«Օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձանից՝ որպես ՍԴ նախագահ». Հրայր Թովմասյան

«Այստեղ իրավական գործընթացներ չկան, իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»,- այսօր լրագրողներին ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Հիշեցնենք, որ ՀՔԾ քննիչներն ու ոստիկանությունն այսօր առավոտից խուզարկություն էին իրականացնում Հրայր Թովմասյանի բնակարանում՝ նրա նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Թովմասյանն ասաց՝ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում, իր ու ՍԴ շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են:

«Եվ օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձնից՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ: Եվ այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, արվում է արդեն ակնհայտ: Ես դրանով միայն ցավ եմ ապրում, որովհետև ինձ համար Հրայր Թովմասյանի խնդիրը այս պահին երկրորդական, երրորդական է: Շատ ավելի կարևոր է ինձ համար երկրի հեղինակությունը, երկրի վաղվա օրը: Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունն այդքան արագ, թույլ տվեք այդ բառն ասել, մսխել»,- հավելեց ՍԴ նախագահը:

Նա նշեց. «Այս ամենը մի օր պետք է լիներ, և մի օր մի դատավոր պետք է պայքարի իր անկախության համար: Սրան ուզում եք զրկանք համարեք, ուզում եք հետապնդում համարեք, բայց սա իմ խաչն է, որը ես պետք է տանեմ»,- հավելեց նա:

ՍԴ նախագահը հավելեց, որ հրաժարական չի տա:

Նա նաև անդրադարձավ ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախաձեռնությանը:

«Այսինքն՝ դուք պատկերացնո՞ւմ եք երկրի վիճակը, որ 7 դատավորներն էլ հրաժարական տան: Մեկ տարվա ընթացքում մեկ դատավոր են կարողացել ընտրել: Հիմա  պատկերացրեք՝ 7 դատավորի ընտրում են 7 տարում: Եվ այդ  դեպքում դուք պատկերացրեք ինչ է լինեու: Այ ճգնաժամն այդ դեպքում կարող է լինել»,- հավելեց Թովմասյանը: