ՀՀ Պաշտպանության նախարարությունը կողմ է արտահայտվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից դիպուկահարներին հետ քաշելուն` արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի օրերս կատարած հայատարարությանը:
«Շփման գծից դիպուկահարներին հեռացնելը նշանակալիորեն կամրապնդի հակամարտող կողմերի միջև հաստատված հրադադարի ռեժիմը»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Սակայն, համարժեք պատասխան չի ստացվել Ադրբեջանական կողմից: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, թե «դա չի նպաստի հակամարտության կարգավորմանը»:
Իր հայտարարության մեջ, ՀՀ ՊՆ-ն հակադարձել է Ադրբեջանի ՊՆ-ին:
«Այս առնչությամբ ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ հայկական կողմը բազմիցս հանդես է եկել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու նախաձեռնությամբ՝ գտնելով, որ դա իսկապես կարող է թուլացնել շփման գծում առկա լարվածությունը և երկուստեք նվազեցնել կորուստները»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:
ՀՀ ՊՆ-ն տարօրինակ է համարել այն, որ «մշտապես հայկական կողմին հրադադարը խախտելու, դիվերսիոն գործողություններ իրականացնելու կեղծ մեղադրանքներ ներկայացնելուն զուգահեռ, ադրբեջանական կողմը չի ցանկանում արձագանքել դիպուկահարներին շփման գծից հեռացնելու նախաձեռնությանը»:
© Medialab.am