Կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ կանխելու համար ուժեղացված հսկողություն է «Զվարթնոց» օդանավակայանում

Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար ՀՀ ժամանող բոլոր ուղևորների ջերմությունը հեռահար կերպով չափվում է՝ անկախ նրանից, թե իրենք որտեղից են ժամանում և առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Չինաստանից ժամանող ուղևորներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Զվարթնոց միջազգային օդանավակայանի սանիտարաբժշկական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը:

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում  Չինաստանից Հայաստան ժամանող ուղևորներին՝ անկախ նրանց քաղաքացիությունից. նրանց ցուցակները մենք նախապես ունենում ենք: Իրականացնում ենք ՀՀ ժամանող բոլոր ուղևորների ջերմաչափում, նաև՝ հակահամաճարակային կոմպլեքս միջոցառումներ: Մենք կատարում ենք առաջին քայլը, հայտնաբերում ենք և տեղեկացնում ԱԱՏՄ-ին ու Առողջապահության նախարարությանը»,- նշեց Կարապետյանը և հավելեց, որ հետագա հսկողությունն իրականացնում են տվյալ գերատեսչությունները:

Նրա խոսքով՝ Չինաստանից ժամանող ուղևորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են, ովքեր այդ երկրում են գտնվել տարբեր պատճառներով:

Բժիշկ-համաճարակաբանը շեշտեց, որ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածի դեպքում, անձից նմուշ կվերցվի, կուղարկվի համագործակցող երկրների այլ լաբորատորիաներ, որպեսզի պարզեն, արդյոք նրանք վարակված են, թե ոչ:

Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների քանակն ավելացել Է մինչեւ Է 7711, մահվան դեպքերի թիվը հասել Է 170-ի:Միայն հունվարի 29-ին Չինաստանում հաջողվել Է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 1737 նոր դեպք եւ 38 մահաբեր վախճան: Հունվարի 29-ի երեկոյի դրությամբ առնվազն 162 մարդ Է մահացել Հուբեյի նահանգում: Հունվարի 30-ին ՉԺՀ-ում հիվանդանալու ենթադրյալ դեպքերի թիվը հասել Է 12 167-ի: Առնվազն 88 693 մարդ սերտ շփում Է ունեցել վարակվածների հետ, նրանցից 81 947-ը գտնվում են բժշկական հսկողության ներքո: