Պետք է քրեական գործ հարուցվի շան կծելու հետևանքով երիտասարդ կնոջ մահվան դեպքով. Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը գրում է.

«Մամուլում տեղեկություններ եղան, որ շան կծելու հետևանքով առաջած կատաղություն հիվանդության պատճառով դժբախտաբար երիտասարդ կնոջ մահվան դեպք է արձանագրվել։
Կատաղությունը վարակիչ հիվանդություն է, որը շան կամ այլ գիշատիչների թքի միջոցով փոխանցվում է այլ կենդանիներին կամ մարդուն։

Մարդուն կենդանու կծելու դեպքում կատաղությունը բուժվում կամ ավելի ճիշտ կանխարգելվում է դրա դեմ պատվաստվելով։


Կարծում եմ նման դեպքերում պետք է քրեական գործ հարուցվի, որպեսզի քննության առարկա դառնա, թե արդյո՞ք կնոջը պատշաճ բուժօգնություն ցուցաբերվել է, թե՝ ոչ։ Եվ հատկապես պետք է պարզաբանվի շան կծելուց հետո նա պատվաստվել է, թե՝ ոչ։ Եթե չի պատվաստվել, ապա՝ ինչու։ Բուժհաստատությունում կատաղության դեմ պատվաստանյութ եղել է, թե՝ ոչ, եթե չի եղել, ապա՝ ինչու։

Պետք է պարզաբանվի նաև, թե արդյո՞ք դեպքի վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել են սանիտարահակահամաճարակային մարմինները, եթե ոչ, ապա՝ ինչու։


Հ.Գ. թափառող շների խնդրի մասին շատ է խոսվել վերջերս և ակնհայտ է, որ այն նույնպես պետք է լուծվի և համայնքները պետք է հավելյալ ռեսուրսներ ներդնեն այդ հարցը արագ և վերջնական լուծելու համար»։