Էրդողան․ «Եթե ապացուցվի, որ մեր նախնիները սխալներ են գործել, պատրաստ ենք նաև ներողություն խնդրել». «Ազատություն»

Էրդողան․ «Եթե ապացուցվի, որ մեր նախնիները սխալներ են գործել, պատրաստ ենք նաև ներողություն խնդրել». «Ազատություն»

Թուրքական քաղաքական դաշտում քննարկումների հիմնական թեմաներից մեկը շարունակում է մնալ «1915 թվականի իրադարձությունների» զոհերի ժառանգներին ուղղված վարչապետ Ռեջեփ Էրդողանի  աղմկահարույց ուղերձը:

Ինքը Թուրքիայի կառավարության ղեկավարը ևս շարունակում է անդրադառնալ այս թեմային` բացատրելով նման հայտարարությամբ հանդես գալու նպատակահարմարությունը:

Էրդողանը թեմային մեկ անգամ ևս անդրադարձավ շաբաթասկզբին ամերիկյան հանրային հեռուստաընկերության լրագրող Չարլի Ռոուզին տված մոտ մեկ ժամանոց բացառիկ հարցազրույցում:

«Սա բավական կարևոր շաբաթ էր` հաշվի առնելով Ձեր այն հայտարարությունը, որ վերաբերում էր Հայաստանին», – նշում էր Ռոուզը՝ հավելելով․ – «Ձեր հայտարարության մեջ, սակայն, Դուք խուսափեցիք Ցեղասպանություն բառից: Թուրքիայի վարչապետի համար անհնարի՞ն է տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն բնութագրելը»:

«Դա անհնարին է, քանի որ եթե նման ցեղասպանություն տեղի ունեցած լիներ, արդյո՞ք այս երկրում կշարունակեին հայեր ապրել: Մենք այսօր ունենք թուրքական անձնագիր ունեցող հայեր, կան նաև հայեր, որոնք մեր երկիր են եկել Հայաստանից: Նրանց մի մասը նույնիսկ անձը հաստատող փաստաթղթեր չունի, բայց միևնույն է` մենք նրանց հետ չենք ուղարկում», – ասաց Էրդողանը և շարունակեց․ – «Մեզ համար ցեղասպանությունը մարդկության դեմ կիրառված հանցագործություն է, ուստի մենք երբևիցե նման իրադարձության վրա աչք չէինք փակի: Իմ համոզմամբ՝ սա պատմաբանների պատասխանատվության հարցն է: Մեր արխիվները բաց են, պատմաբանները կարող են գալ և աշխատել այնտեղ: Կան նաև ռազմական արխիվներ: Եթե Հայաստանում արխիվներ կան, կամ երրորդ երկրներում փաստաթղթեր են առկա, նրանք ևս թող բացեն դրանք: Միայն դրանից հետո կարող ենք պատմաբաններից, քաղաքագետներից և իրավաբաններից կազմված հանձնաժողով ստեղծել, որը և կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը, հանդես կգա զեկույցով, և ես կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք հարգել այդ զեկույցում ներկայացված եզրակացությունները»:

Մանրամասները կարող եք կարդալ այստեղ: