Դատապարտյալների տույժերի ու խրախուսումների համակարգը թափանցիկ չէ

Հեղինակ MediaLab

Հայաստանում քրեակատարողական համակարգի ամենամեծ խնդիրներից շատերը կապված են պատժից դատապարտյալների վաղաժամ ազատվելու մեխանիզմների հետ։

Դատապարտյալների՝ պատժից վաղաժամ ազատվելու գործընթացում հաշվի են առնվում մի շարք գործոններ, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ստացած խրախուսումները կամ տույժերը։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ուսումնասիրությունը, սակայն, վկայում է, որ այս հարցում առկա է որոշակի մտահոգիչ վիճակագրություն, ինչը խոսում է ոլորտում առկա ավելի մեծ՝ համակարգային խնդիրների մասին։

Այսպես, Դիտորդների խումբը, ուսումնասիրելով 2019 թվականի առաջին ինն ամիսների տվյալները, պարզել է, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ստացած տույժերն անհամեմատ ավելի շատ են, քան խրախուսանքները։

Մասնավորապես, 2019 ամիսների ընթացքում հայաստանյան ՔԿՀ-ներում կարգապահական տույժի է ենթարկվել 1683 կալանավորված անձ և դատապարտյալ, իսկ 77 կալանավորված անձի և դատապարտյալի նկատմամբ կիրառվել է խրախուսանքի միջոց: Այսինքն՝ կարգապահական տույժերի քանակը 1606-ով ավել է եղել խրախուսանքների քանակից:

Բացի սա, Դիտորդների խումբն արձանագրում է, որ Արդարադատության նախարարության կողմից չի իրականացվում քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների խրախուսանքների և տույժի վերաբերյալ որոշումները վիճարկելու մասին տեղեկատվության հաշվառում։ Այսինքն, խրախուսանքների և տույժերի կիրառման մեխանիզմը, այս առումով, թափանցիկ չէ, և չկա վիճակագրություն, թե, օրինակ, տույժերից քանիսն են բողոքարկվել, դրանցից որը ինչ ընթացք է ունեցել։

Ըստ Դիտորդների խմբի, խրախուսանքի և տույժերի թվային նման խիստ տարբերությունը ուղղակիորեն կապված է համակարգում առկա այլ խնդիրների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների կողմից տարվող աշխատանքների ու խրախուսման հիմք հանդիսացող պայմանների հասանելիության հետ:

Հարկ է նաև նշել, որ Դիտորդների խումբն իր հայտարարություններում և զեկույցներում մշտապես բարձրաձայնում է այն մասին, որ քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան դատապարտյալներին կամ կալանավորներին վերասոցիալականացվել և չկտրվել հասարակությունից, ինչի համար էլ անհրաժեշտ է ուժեղացնել ՔԿՀ-ներում սոցիալական վերականգնողական ծառայությունները։

Ամեն դեպքում, Դիտորդների խումբը նշում է, որ հետամուտ է լինելու տույժերի և խրախուսումների հետ կապված վերոնշյալ խնդրի պարզաբանմանը և առաջիկայում հանդես է գալու լրացուցիչ տեղեկատվությամբ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»