Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հայտարարությունը

«Մենք, ներքոստորագրյալներս, հայտարարում ենք.

1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Բաքվում ապրող հարյուր հազարավոր հայեր ենթարկվեցին զանգվածային ջարդերի, ազգությամբ հայ բնակչության դեմ եղան կազմակերպված  հարձակումներ, ինչն Ադրբեջանի քաղաքականության դրսեւորումն էր: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խեղանդամվեցին, հետապնդվեցին եւ տեղահանվեցին: Ոչնչացման սպառնալիքի ներքո շուրջ 250000 հայ ստիպված եղավ փախուստի դիմել Ադրբեջանից:

Բաքվի ջարդերը դարձան հայերի հանդեպ ռասիզմի եւ այլատյացության (հայատյացության) պետական քաղաքականության գագաթնակետը: Հակառակ միջազգային հանրության, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների եւ Եվրախորհրդարանի (1988, 1990, 1991թթ. բանաձեւերի) արձանագրած փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները հերքում են այս հանցագործությունները, խուսափում են պատասխանատվությունից: Այդ վայրագություններից 30 տարի անց չկա հարգանք եւ կարեկցանք Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի հանդեպ: Այն ադրբեջանցիները, ովքեր փորձեցին խոսել ջարդերի մասին, պաշտոնապես համարվում են դավաճաններ:

Այս կապակցությամբ, մենք՝

– ոգեկոչում ենք Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը,

– դատապարտում ենք ռասիզմի եւ այլատյացության ցանկացած դրսեւորում,

– վերահաստատում ենք, որ մարդկության հանդեպ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ շեշտում ենք, որ նախկինում գործած հանցագործությունների դատապարտումն ամենակարեւոր երաշխիքն է նոր հանցագործությունները կանխելու համար,

– դատապարտում ենք, որ ջարդերի կազմակերպիչները եւ հրահրողները դեռեւս պատասխանատվության չեն ենթարկվել»,-նշված է հայտարարության մեջ:

Գրավոր հայտարարությանը նաեւ միացել են (ստորագրել են) ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ՝ տարբեր երկրներից եւ տարբեր քաղաքական խմբերից: