Իրան-Ադրբեջան հարաբերություններում շեշտը դրված է հարաբերությունների որոշակի նորմալացման վրա. իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, այն, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է 1,3 մլրդ դոլար միջպետական վարկ, և սկսել են վերականգնել իրենց ենթակառուցվածքները, ներհայաստանյան որոշ շրջանակների մոտ կարծիք է ձևավորել, թե Իրանի համար այլևս կարևոր չէ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որ նա այս կերպ ուղիղ մասնակցում է Ադրբեջանի տարածքով Հյուսիս-հարավ նախագծի իրականացմանը։ Ի՞նչ է իրականում ենթադրում այդ ենթակառուցվածքների վերականգնումը։

– Երբեք չի եղել իրավիճակ, որ միայն Հայաստանի տարածքը դիտարկվի Հյուսիս-հարավ տարանցիկ միջանցքի հիմնական երթուղի, մշտապես խոսվել է այն մասին, որ Հայաստանը կարող է լինել Հյուսիս-հարավ միջանցքում երթուղիներից մեկը։ Ի՞նչ երթուղիներ կան այդ միջանցքում․ հիմնական երթուղիները երեքն են, որոնք ճյուղավորվում են Իրանի տարածքից։ Մեկը Կասպից ծովով անցնողն է, մյուսը՝ արևմտյանն է՝ Ադրբեջանի տարածքով անցնող, արևելյանը՝ Թուրքմենստանի տարածքով։ Ադրբեջանինն ու Թուրքմենստանինը հիմնականում երկաթուղի են, մյուսը, դե, Կասպից ծովովն է, գումարած Ադրբեջանի տարածքով նաև ցամաքային ճանապարհն է օգտագործվում։ 

Ադրբեջանի տարածքի երկաթուղու դեպքում միշտ կիսատ է եղել Ռաշթ-Աստարայի հատվածը, ավելի կոնկրետ եղել է հետևյալը․ 2018-ին շահագործման է հանձնվել Աստարա-Աստարա հատվածը, 2019-ին՝ Ղազվին-Ռաշթը, ու մնացել է կիսատ Ռաշթ-Աստարան, որը մինչև հիմա կառուցված չէ, ու եթե անգամ այս տարվանից սկսեն կառուցել, դեռ մի 5 տարի պետք է, որպեսզի վերջնական կառուցվի։ 

Այս ամենին զուգահեռ խոսվել է այդ մասին, որ Հայաստանը ևս կարող է դառնալ տարանցիկ այդ երթուղիներից մեկը։ 

Գալով Ռուսաստան-Իրան պայմանավորվածությանը՝ պետք է ասեմ, որ ի սկզբանե Ռաշթ-Աստարան կառուցելու համար բանակցում էին Իրանն ու Ադրբեջանը, ու պետք էր համատեղ ֆինանսավորմամբ՝ յուրաքանչյուրը 500 միլիոն դոլար, այդ երկաթուղին կառուցվեր, բայց Ադրբեջանն ի վերջո չգնաց դրան։ 

Նախորդ տարվանից Իրանը սկսեց բանակցել Ռուսաստանի հետ, որպեսզի ներդրումներ գրավի, ու այս հարցում շրջադարձային եղավ ուկրաինական պատերազմը: Ռուսաստանի հիմնական տրանսպորտային երթուղիների փոփոխության պայմաններում Հյուսիս-հարավը դարձավ նրա համար կենսական ճանապարհ, ու հենց ռուսները սկսեցին շահագրգռվել նրանով, որ Ռաշթ-Աստարան կառուցվի, ու իրենք ունենան Հյուսիս-հարավով նորմալ գործող երթուղի: 

Ընդ որում՝ այստեղ շեշտը դրված է ոչ միայն Ռաշթ-Աստարայի, այլ նաև Կասպից ծովով ու Թուրքմենստանի տարածքով անցնող երթուղու վրա, այսինքն՝ ընդհանուր Հյուսիս-հարավի հետ մեծ հույսեր են կապում Ռուսաստանն էլ, Իրանն էլ, ու տվյալ դեպքում Իրանն այստեղ շահում է այն առումով, որ Ռուսաստանը շահագրգռություն է դրսևորում ու վարկ է տալիս, որովհետև սեփական միջոցներով մինչև հիմա Իրանը չի կարողացել կառուցել այդքան չարչրկված երթուղին։ 

Ադրբեջանը, բնականաբար, սրանից շահում է այնքանով, որ իր տարածքով է անցնում այդ երթուղին: Բացի երկաթուղուց, նաև ցամաքային բեռնափոխադրումների զգալի մասն էլ է իրականացվում հենց Ադրբեջանի տարածքով, ու այս առումով Ադրբեջանը տարանցիկ կարևոր երկիր է։ 

Ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Իրանից հիասթափվելու, նեղանալու առիթ չկա, նրանք ընտրում են երթուղի, որն իրենց ավելի հարմար է ու ունի համապատասխան ենթակառուցվածքներ: Եթե փորձենք համեմատել, Հայաստանը չունի նման ենթակառուցվածքներ, չունենք երկաթուղի, որը կկապի Իրանի հետը, չունենք ճանապարհ։ Սյունիքում եղած ճանապարհներն այն ճանապարհները չեն, որոնք կարող են միջազգային բեռնափոխադրում իրականացնել։ 

Այս դեպքում ունենք փրկություն՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը, որն էլի տարիներ է տևելու, իհարկե, հիմա արդեն պետք է կառուցված լիներ, որը դեռ չի էլ սկսվել։ Հայկական երթուղու նշանակությունը այս պահին ավելի շատ քաղաքական է։ Այս նախագիծը նոր բան չէ, դեռ 2000-ականներից է ներկայացվել, ու հիմա, երբ Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, ու աշխարհի հետ կապվելու խնդիր կա, սկսել է կարևորել այս երթուղին, հետևաբար, ամեն ինչ տրամաբանության շրջանակներում է։

– Իսկ այս փուլում Հայաստանով անցնող այդ հատվածի կառուցման մասով նախաձեռնողականություն կա՞ Իրանի կամ Հայաստանի կողմից:

– Ես հանդիպել եմ ինֆորմացիայի, որ շուտով կհայտարարվեն Քաջարանի թունելի կառուցման մրցույթի արդյունքները, բայց չեմ կարծում, թե զգալի առաջընթաց կա, մանավանդ տեղանքն էլ լեռնային է, ու եթե անգամ հիմա էլ սկսեն կառուցումը, միևնույն է՝ դանդաղ է ընթանալու՝ հաշվի առնելով տեղանքի ներկայացրած բարդությունը։ 

– Տիկի՛ն Վարդանյան, իրանական դիրքորոշումը՝ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, ու իրենք չեն հանդուրժի ոչ մի փոփոխություն, շարունակո՞ւմ է անփոփոխ մնալ։

– Վերջին շրջանում առիթներ չեն եղել այդ մասով խոսելու, ու իրանական կողմից «միջանցքի» հետ կապված հայտարարություններ չեն հնչել, համենայնդեպս, մամուլի մակարդակով կամ վերջին առկա հայտարարությունների մակարդակով իրենց դիրքորոշումը եղել է նույնը, որ իրենք դեմ են «միջանցքին», որ Հայաստանի վերահսկողությունից դուրս ինչ-որ ճանապարհ տրվի Ադրբեջանին։ 

Այս համատեքստում էլ պետք է նշել, որ Հայաստանով անցնող Հյուսիս-հարավը իրենք կարևորում են հենց այս տեսանկյունից, համարելով, որ եթե Հայաստանի տարածքով միջազգային տարանցիկ երթուղի անցնի, դա կմեծացնի Հայաստանի միջազգային նշանակությունը, և Ադրբեջանի համար ավելի դժվար կլինի Հայաստանի դեմ ոտնձգություններ իրականացնելը: Հենց սա նկատի ունեմ, երբ ասում եմ, որ հայկական երթուղին ավելի շատ քաղաքական նշանակություն ունի։ Իրանական կողմն էլ է այսպես մտածում։

– Իրան-Ադրբեջան հարաբերություններն այս փուլում ի՞նչ մակարդակի վրա են։

– Այս պահին հարաբերական անդորր է, եթե համեմատում ենք նախորդ փուլի հետ։ Լարվածության որոշակի թուլացում կա, բայց չէի որակի ջերմացում, որովհետև նույն Ադրբեջանը շարունակում է Իրանի դեմ տարատեսակ քարոզչություն իրականացնել: Իրանական կողմը շարունակում է ավելի զուսպ լինել, բայց ընդհանուր շեշտը դրված է նրա վրա, որ հարաբերությունները որոշակի նորմալացում են գնում, հենց դրանով է պայմանավորված, որ, ընդհանուր, մամուլում փոխադարձ մեղադրանքները որոշակիորեն նվազել են, բայց չեն վերացել։

– «Թալիբանի» ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև ի՞նչ խնդիրներ են առաջացել։

– Այստեղ ջրային ռեսուրսների օգտագործման հարցն է։ Երբ թալիբները իշխանության եկան, Իրան-Աֆղանստան «փոխհրաձգությունները» որոշակիորեն հաճախակիացան՝ պայմանավորված տարբեր գործոններով, հիմնական դեպքերը մաքսանենգների գործողություններով էին պայմանավորված։ Վերջին «փոխհրաձգությունը» պայմանավորված էր քաղաքական լարված հարաբերությամբ, որն էլ առաջ էր եկել ջրային ռեսուրսների օգտագործման հարցից։ 

Իրանն ու Աֆղանստանը ունեն համաձայնագիր, որով կարգավորում են Հիլմենդ գետի ջրային ռեսուրսներից օգտվելու հարցը։ Իրանական կողմը բավական ժամանակ է՝ ինչ դժգոհում է, որ թալիբները համաձայնագրի պարտավորությունները չեն կատարում և չեն թողնում, որ իրանական կողմն օգտվի այդ գետի ռեսուրսներից՝ ամբարտակներ են կառուցում, ջուրը հավաքում այդտեղ՝ չթողնելով, որ դեպի Իրան ջուր հոսի։ 

Հիմնական խնդիրը հենց սա է, որն էլ արդեն հանգեցրել է քաղաքական լարվածության, ու Իրանն էլ հայտարարեց, որ չի ճանաչում թալիբների իշխանությունը։ Նախատեսված է աֆղանական պատվիրակության այց Իրան, ու խնդրի սրացումը կամ թուլացումը կախված կլինի նրանից, թե ինչպես կլուծեն այդ գետի ջրային ռեսուրսներից օգտվելու հարցը։

– Եթե լինի սրացում, դա ի՞նչ հետևանքներ կունենա մեր տարածաշրջանի համար։

– Չեմ կարծում, թե բանը կհասնի պատերազմի, կարող է լինել քաղաքական էլ ավելի լարված վիճակ, որն իր հերթին դժվար մեզ վրա լուրջ կամ տեսանելի ազդեցություն ունենա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am