ՀՀ ԱԳՆ-ն «կոտրել է» Հայաստան եկած թուրք գործիչների սիրտը, իսկ ԱԱԾ-ն տարել` պարզաբանումներ ստանալու

ՀՀ ԱԳՆ-ն «կոտրել է» Հայաստան եկած թուրք գործիչների սիրտը, իսկ ԱԱԾ-ն տարել` պարզաբանումներ ստանալու
ՀՀ ԱԳՆ-ն «կոտրել է» Հայաստան եկած թուրք գործիչների սիրտը, իսկ ԱԱԾ-ն տարել` պարզաբանումներ ստանալու

Հայ-թուրքական բարեկամության շարժում նախաձեռած թուրքական «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչն ու փոխնախագահ Բայբարս Օրսեքը հոկտեմբերի 29-ին Երևանում հանդիպել են լրագրողների հետ` հայտարարելով, որ մի քանի օր առաջ իրենք իրոք հատել են հայ-թուրքական սահմանը:
«Անիի ավերակներում գտվող հին եռահարկ կամուրջով ենք անցել»,- հստակեցրել է իրենց` սահմանը հատելու կոնկրետ տեղը Բեքլեւիչը:
Ասուլիսից հետո «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը եւ փոխնախագահ Բայբարս Օրսեքը բերման են ենթարկվել ԱԱԾ-ի կողմից` պարզաբանումներ տալու համար:
«Մենք ոչ փախուստի դիմեցինք, ոչ էլ վատ մտքով ենք արել դա, սա մի գործողություն էր, որով մենք քննադատեցինք երկու պետությունների գործունեությունը: Սա ապօրինի գործողություն չենք համարում, այլ կոչ աշխարհին, որ սահմանը բացվի: Սահմանների փակ լինելը երկու հասարակությունների համար էլ վերք է:

Չգիտեմ՝ ռուս սահմանապահներն ինչ են մտածում, բայց մեր հասարակությունների վերքն ուրիշ է»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Թունա Բեքլեւիչը։

Ասուլիսից կարճ ժամանակ առաջ «Հզոր Թուրքիայի»  առաջնորդը Թուրքիայում եւս նմանատիպ հայտարարություն էր արել, նշելով, թե իրենք կարճ ժամանակով հատել են հայ-թուրքական սահմանը, հետո հետ վերադարձել Թուրքիա:

Հայկական կողմը հերքել էր հայ-թուրքական սահմանը հատելու մասին լուրը:

Բեքլեւիչը հայտարարել է, թե իրենք ընդամենը ցանկանում են, որ հայ-թուրքական սահմանը բացվի: Մինչ Հայաստան ժամանելը թուրք քաղաքական գործիչները հայտարարել էին, թե իրենք հանդիպում են խնդրում ՀՀ ԱԳՆ-ում: Ասուլիսի ժամանակ, սակայն, «սահամանը հատողները» հայտարարել են, որ Հայաստանի ԱԳՆ-ից մերժում են ստացել:

Թուրք գործիչները ասել են, թե դրանից իրենց սիրտը կոտրվել է:

«Սա ժողովրդական դիվանագիտության օրինակ է, ոչ թուրք կառավարությունն է մեզ այստեղ ուղարկել, ոչ էլ հայկական կողմն է հրավիրել: Այստեղ գալով՝ կցանկանայինք ՀՀ ԱԳՆ որևէ պաշտոնյայից մի բաժակ սուրճ կամ թեյ ստանալ, մեր մտքերը արտահայտել, լսել միմյանց տեսակետներն ու մտահոգությունները։ Երկխոսության ընդհատումը կնշանակի բարեկամության ավարտ եւ թշնամություն»,- հայտարարել է   Բեքլևիչը:

Թուրք գործիչները, որոնք թվեվ երրորդ անգամ են գալիս Հայաստան, ասուլիսի ժամանակ հայտարարել են նաեւ, թե պատրաստվում են Հայաստանում մնալ մինչև շաբաթ օրը՝ դեռեւս հույս ունենալով հանդիպում ստանալ ՀՀ ԱԳՆ-ի կողմից:

Սակայն «հրավերը» ստացել են ոչ թե ԱԳՆ, այլ ԱԱԾ-ի կողմից:

ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը նշել է, որ նրանք հրավիրվել են ԱԱԾ պարզաբանումներ տալու, այն բանից հետո երբ ասուլիսի ժամանակ հայտարարել են հայ-թուրքական սահմանը հատելու մասին:

© Medialab.am