«Էդ պահին ուրախ էի, որ ողջ ա, ընդհանրապես չէր հուզում՝ ինչ վնասվածք ա ստացել». այսօր Մարիամի ու պատերազմի մասնակից Արսենի հարսանիքն է

Այսօր Արցախյան պատերազմի մասնակից, վոլեյբոլիստ 23-ամյա Արսեն Ավետիսյանի և նրա սիրելիի՝ պատմաբան, 21-ամյա Մարիամ Քոչարյանի պսակադրության արարողությունն է։

Արսեն Ավետիսյանը հայրենիքի պաշտպանությունն իրականացրել է Քարվաճառում, հակառակորդի դեմ պայքարելիս վիրավորում է ստացել, ինչի հետևանքով զրկվել է մեկ աչքից:

Չնայած հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմը ծանր ու դժվարին փորձություններ սահմանեցին Արսենի ու Մարիամի համար, սակայն միասին հաղթահարելով ու առաջ գնալով՝ նրանք այսօր ընտանիք են կազմում՝ մեծ հույսով, որ ապագայում ամեն ինչ լավ է լինելու․

«Ընդհանուր առմամբ, լցված ենք մեծ հույսով, որ ամեն բան լավ կլինի»,- «Մեդիալաբին» ասում է Մարիամ Քոչարյանը։

Իսկ այսօր մեր հրաշքների ամենակարևոր օրն է։ Հերոս Արսենը և գեղեցկադեմ հերոսուհի Մարիամը։Անսահման սեր և երջանկություն մեր սիրուններ։❤Նկարահանումը՝ Prime Wedding Group

Posted by Prime Wedding Group on Monday, April 5, 2021

Մարիամն ու Արսենը ծանոթացել են համալսարանում՝ ընդհանուր ծանոթի միջոցով, սկզբում շփվել են որպես ընկեր, այնուհետև մտերմացել են ու հասկացել, որ ցանկանում են ամբողջ կյանքը միասին անցկացնել:

«Ծանոթացել ենք 2019-ին համալսարանում՝ ընդհանուր ծանոթի միջոցով։ Սկզբում ընկերներ էինք, հետո սկսեց ծնունդ շնորհավորել, Նոր տարի շնորհավորել, կամաց-կամաց մտերմացանք ու սկսեցինք ընկերություն անել»,- ասում է Մարիամը։

Մարիամը նշում է, որ պատերազմի ժամանակ, երբ լսում է Արսենի վիրավորվելու մասին լուրը, այդ պահին այդքան էլ չէր հուզում, թե ինչ վիրավորում է ստացել, ուրախ էր, որ սիրելին ողջ է:

«Ի սկզբանե, մինչ իմանալը, որ սահմանին դրությունը լարված է, ներքին զգացողություն ունեի ու նույնիսկ քնել չէի կարողանում։

Հաջորդ օրը, երբ իմացա, որ վիրավորվել ա, էդ պահին միայն ուրախ էի, որ ողջ ա, ու ընդհանրապես չէր հուզում՝ ինչ վնասվածք ա ստացել: Հետո իմացա, որ աչքը կորցրել է։

Առավոտյան արդեն մոտն էի, ամբողջ ճանապարհին ինձ տրամադրում էի, որ իրեն տեսնելիս չպետք ա լացեմ: Գնացի ու որպես խնամող մնացի մոտը՝ մինչև դուրս գրվելը»,- պատմում է Մարիամը:

Հենց հիվանդանոցում էլ տեղի է ունեցել Արսենի ու Մարիամի նշանադրությունը։  Մարիամի խոսքով՝ ամեն ինչ կազմակերպել ու պլանավորել են Արսենն ու բուժքույրերը։ 

«Նշանադրությունը մեծ անակնկալ էր։ Ես էդ մասին ոչինչ չգիտեի, ամեն ինչ ակնաբույժի ու քույրերի հետ էին պլանավորել։  Նույնիսկ մատանին էին իրենք ընտրել։ Անսպասելի էր շատ, ու իմ համար մեծ երջանկություն էր»,- հուզմունքով հիշում է Մարիամը:

Արսեն Ավետիսյանը երկու շաբաթ հիվանդանոցում է անցկացրել, այդ ընթացքում իմպլանտ են տեղադրել: «Հենց իմպլանտ տեղադրելու օրն էլ առաջարկությունը եղել է»,- ասում է Մարիամը։

Նշում է, որ հաճախ են եղել էմոցիոնալ պահեր, բայց դրանք հաղթահարվել է բուժանձնակազմի օգնությամբ: «Հիվանդանոցում բոլորն աշխատում էին ուրախ ու դրական միջավայր ստեղծել»,- ընդգծում է Մարիամը։

Մարիամը խոսելով ապագայից՝ ասում է, որ դեռևս բուժման հարցեր կան, որոնք պետք է կազմակերպեն: «Այսօր առաջին հերթին առողջությունն է։ Հայաստանում վիրահատությունը չի ստացվում առողջական խնդիրների պատճառով, այն պետք է արտերկրում արվի»,- նշում է Մարիամը։

Մարիամը, չնայած պատերազմի հետևանքով առաջ եկած խնդիրներին՝ վստահ է, որ հույսով և սիրով հնարավոր է հաղթահարել դժվարությունները ու շարունակել ապրել:

«Հայրենիքի կորստի ցավը մեծ է, պատերազմն էլ մեզ սիրելիներից շատերին խլեց ու լուրջ հետքեր թողեց մեր կյանքում, բայց այս ամենից հետո ես համոզված եմ, որ մենք պետք է շարունակենք կյանքը միասին։ Լիահույս ենք, որ ամեն բան լավ կլինի»,- նշում է Մարիամը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am