Թող որ գոնե այս անգամ զինվորի մահվան գործը իսկապես բացահայտվի ՝ կանխարգելելով նորանոր զոհերը. Զարուհի Հովհաննիսյան

Իրաապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է.

«Այսօր, առավոտյան օրերս մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները երթով հասել էին Երևան՝ Արգավանդի խաչմերուկ և պատրաստվում էին զինծառայողի մարմինը տեղափոխել պաշտպանության նախարարության դիմաց՝ ի նշան բողոքի։

Զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

2013 թվականի մայիսի 15-ին Նոյեմբերյանում տեղակայված զորամասում սպանված զինվորի դին, որպես բողոքի նշան, հարազատները բերում են Երեւան` պաշտպանության նախարարից ճշմարտությունը պահանջելու: Սպանված զինվորի հարազատները չեն հավատում, որ Լյուքս Ստեփանյանը սպանվել է վիճաբանության արդյունքում։

7 տարի առաջ Լյուքսի հարազատներին մայրուղում դիմավորում էր պաշտպանության այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյաինը, այժմ՝ ներկայիս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանը խոստացել էր ու հավաստիացրել, որ մանրակրկիտ քննություն է անցկացվելու, եւ մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ամբողջ խստությամբ:

Այժմյան նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ ինքը դեռևս ոչ մի ապացույց չունի, որ եղել է ինքնասպանություն և այդ մասին ծնողներին ասել է: Խոստացել է ամեն ինչ անել, որ այս գործը 100 տոկոսով բացահայտվի, ոչ մի մութ անկյուն չմնա։

Թող որ գոնե այս անգամ իսկապես բացահայտվի գործը՝ կանխարգելելով նորանոր զոհերը՝ բանակում։

Սակայն միայն այն փաստը, որ 7 տարվա կտրվածքով վստահությունը կառույցի նկատմամբ չափազանց ցածր է, որ ծնորղները ստիպված են հուղարկավորության թափորով շարժվել դեպի մայրաքաղաք, արդեն խորը խնդիր է։

Մենք գործ ունենք մանկությանը նոր հրաժեշտ տված երիտասարդների հետ, որոնք հասուն կյանք են մտնում՝ անցնելով բանակում տեսած սարսափների միջով, իսկ ոմանց կյանքն էլ ավարտվում է՝ դեռևս չսկսված»։